«1999 թվական, Վազգեն Սարգսյան վարչապետ, մի առիթով խորհրդակցություն է իր մոտ հրավիրված, որտեղ հրավիրված են նաև գիտնականներ։ Չգիտես որտեղից, խոսք է գնում Նոյան տապանի, Արարատ լեռան մասին։ Գիտնականներից մեկն ասում է, որ կարծես թե այդքան էլ հստակ չէ, որ Նոյը հենց Արարատի վրա է իջել, վարկած կա, որ մոտակայքում մի այլ սար կա և այլն։ Վարչապետը ձեռքը խփում է սեղանին և ասում. «Բոլ ա, ուրիշներն իրենց չունեցածն ու մեր ունեցածն են իրենց վերագրում, իսկ դուք եղածն եք կասկածի տակ դնում։ Ուրեմն գրեք, լսեք և գրեք. սա նույն Նոյն է, նույն Նոյան Տապանն է, եկել իջել է Արարատի վրա, Արարատից էլ առաջինն իջել է Դավալու», Դավալուն իրենց գյուղն էր»,- խորհրդարանական ճեպազրույցներում այսօր այս պատմությունը հիշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Վերջինս կարծում է, որ այս իշխանությունը եկել ու փորձում է պետության, պետականության նոր կոնցեպտ բերել, հայությունն ու Հայաստանի քաղաքացիներին վարժեցնել ու համակերպել իրենց տեսակի հետ՝ «ողորմելի, վախկոտ, աներազանք»։ Նա Նիկոլ Փաշինյանին անվանեց մի մարդ, որն իր կամակատարների հետ քանդում է պետությունն ու պետականությունը։
«Ասում է՝ խաղաղության պայմանագրի մեր պարամետրերը կարող է չհամընկնեն ժողովրդի կամքի հետ։ ՄԱԿ անդամ պետություն է, կադաստրի վկայականից է խոսում։ Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում, Թուրքիայի հետ մեր սահմանները հստակ են, Իրանի հետ հստակ են, Ադրբեջանից ես վկայական ուզում»,- զարմանում է Վարդանյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը պատերազմից առաջ Արցախը համարում էր Հայաստան, պատերազմի ժամանակ կարծում էր, որ առանց Արցախի չկա Հայաստան, իսկ պատերազմից հետո Արցախը հանձնում է։ Պատգամավորի պնդմամբ՝ Հայաստանն Արցախով ուժ ու գործուն է, իսկ առանց Արցախի՝ պարզապես տարածք։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ի՞նչ ես անում դու այսօր, եթե կարծում էիր, որ Արցախի Հայաստան է, ինչո՞ւ չես հեռանում, ինչո՞ւ ենք ամեն օր տեսնում քո դժգույն ու դժբախտ պարտվող դեմքը։ Երեկվա հանդիպման ժամանակ մի բառ չասեց Արցախի շրջափակման մասին, գերիների մասին։ Խոսում են «Զանգեզուրի միջանցքից» ու սիմետրիա են ապահովում։ Ահա թե որն է սիմետրիան. Նախիջևանի Հանրապետությունն Ադրբեջանի մաս է և միջանցք են ուզում, մենք էլ սիմետրիա ապահովենք, Արցախի հանրապետությունը Հայաստանի մաս և միջանցք գործի։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս իշխանությունը վաղուց չի հենվում իր ժողովրդի կամքի վրա և չի պահում մեր շահը»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը։
Լրագրողները նկատեցին՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, թե հունիսի մեկին Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր, ինչին ընդդիմադիր պատգամավորը թերահավատորեն մոտեցավ:
«Կան հեռացնելու և հեռանալու տարբերակներ։ Հիմա մենք փորձել ենք հեռացնել, չի ստացվել, որովհետև իշխանությունը նրանց համար ամեն ինչ է, էլի ենք փորձելու, բայց եթե ամեն ինչ տապալել ես, ՄԱԿ-ի անդամ ես ու կադաստրի վկայական ես մուրում, կարող ես չէ՞ հեռանալ ու շանս տալ այդ պետությանը»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ Հայաստանին պակասում է պայմանականորեն 100 անձից բաղկացած ազգային էլիտա, առաջնորդ, որոնք միասին ունակ կլինեն լուծել մեր խնդիրները, որովհետև իրականում դրանց լուծումները Հայաստանում են։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի Գրիգորյան