«Այս գլխավոր գերագույն հրամանատարով ՀՀ-ն չի կարող հաջող դուրս գալ հաջորդ պատերազմից»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե ժողովուրդն ընտրել է Նիկոլ Փաշինյանին, ապա ի՞նչ տարբերակով պետք է նրանից ազատվել, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ես առաջարկել եմ տարբեր մոտեցումներ, թե ինչպես կարելի է հասնել կազմակերպչական եղանակի, որը հասարակությանը կարող է ձգան բերել, կայծ առաջացնել, որը վերկուսակցական է, հավաքական, մեկ հոգու շուրջ չէ»։
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի բովանդակային լեգիտիմություն։ Նրա կարծիքով՝ եթե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործը պետական մարմինները չեն անում, ուրեմն ժողովուրդը պետք է ինքնալիազորվի և գործ անի․ «Ժողովուրդը պետք է շարժվի հրապարակներում։ Մենք պետք է ձևը գտնենք, որ մեր հասարակությանն առաջարկենք նորն ու ժամանակակիցը, որը ոչ կուսակցական է»։
Նա ասաց, որ «Ժառանգությունը» վերջին շրջանում ցույց չի տալիս, թե ինչ գործունեություն են ծավալում, տարբեր միջազգային ֆորումներում աշխատում, քանի որ այժմ կուսակցական գործունեության ժամանակը չէ։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գործունեությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց․ «Ակնհայտ էր մեկ տարի առաջ կամ ավելի շուտ՝ նոյեմբերի իննին, երբ Քարվաճառը հանձնեց, Աղավնոն հանձնեց, Գորիս-Կապան ճանապարհը, երբ ինքնակամ՝ առանց հիմքի հանձնվեց, որ ամեն ինչ հերթով և ըստ երևույթին կանխամտածված ծրագրով է։ Հիմա փաստորեն ՀՀ քաղաքացին չի կարող մտնել Ստեփանակերտ, հիմա պատանդի իրավիճակ է, հիմա «Կոլցո» է։ Արդեն ծրագիրը մեր հայրենակիցներին ձուլելու կամ վտարելու ընթացքի մեջ է։ Անցյալ տարի հունիսին ինձ չթողեց թոռանս սուրբ մկրտությանը գնամ Արցախ, իմ անձնական կենսագրության մեջ դա էր մեխը, դրանից հետո Աղավնոն հանձնեց, հետո փոխվեց ճանապարհը, մի անգամ դրանից հետո մտա, հիմա արդեն մեր ընտանիքի համար երեսուն տարվա ուխտագնացությունը, Արցախ մուտքը փակվեց, քիչ ուշ էլ մեր հայրենակիցների համար փակվեց։ Երբ ինքն իրեն արդեն թույլ է տալիս խոսել անկլավների մասին, դա նշանակում է, որ վաղը մյուս օրը Վրաստանի, Իրանի հետ կապն է փակվելու»։
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ադրբեջանցի միջին փաստաբանը կարող է իրեն թույլ տալ հայկական հետաձգի մեջ Խորհրդային Հայաստանի որոշման մեջ հակասություն գտնել ու անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարքագծին՝ ասաց․ «Բայց մենք մոռանում ենք, որ եթե ինքը ՀՀ վարչապետ է, հազար ու մեկ իրավական, օրինական սահմանադրական, քաղաքական, պատմական հզոր կռվաններ, նախադեպեր կան, որ կարելի է ներկայացնել համակարգված՝ ցույց տալու, թե ինչու Ադրբեջանը երբեք չի կարող որևէ ձևով, որևէ եղանակով երազել անգամ իր կազմում ունենալ ԼՂՀ-ն։ Եթե որևէ երկիր ունի այդ հավակնությունը, Հայաստանն է։ Բայց ինքը մոտենում է դրան՝ որպես Ալիևի միջին կարգի փաստաբան և ոչ թե ՀՀ լիազոր վարչապետ»։
Լրագրողները փաստեցին՝ Նիկոլ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը, քանի որ այն թույլ չի տալիս որևէ իշխանության ներկայացուցչի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում և հարցրին՝ ի՞նչ գործընթացով է դա հնարավոր կանխել։ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Կա մի ձև, և կարծեմ թե դա բոլորը գիտեն։ Կարծում եմ՝ այն իրականության մեջ, երբ Արդարադատության միջազգային դատարանն այդ վճիռն է աներկբա արձակել և տեսնում ենք՝ ինչ է լինում, կարծում եմ՝ այն հղումները, որ դուք եք տալիս հայաստանյան իմպերատիվ ակտեր են։ Եթե ինքը չի ենթարկվում միջազգային դատարանի, միջազգային որևէ նախաձեռնության, ապա դա չի փոխելու ոչինչ։ Ինքն այդպես ցույց է տալիս, թե ինչպես է ՀՀ օրենքին վերաբերվում»։
Իսկ թե ելքը որն է՝ «Ժառանգության» առաջնորդը կարծում է․ «Պատկան մարմինները պետք է իրենց լիազորությունների սահմաններում վերականգնեն սահմանադրական կարգը և իրեն կարգի հրավիրեն՝ հեռացնելով իրեն այդ պաշտոնից, որին բովանդակային լեգիտիմություն նա չունի։ Եթե իրենք այդ պարտականությունը չկատարեն, իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ