Հուլիսի 12-17-ը Բելառուսի հանրապետության «Սլավյանսկի բազար-2023» միջազգային հեղինակավոր երիտասարդ կատարողների երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Մաշա Մնջոյանը։
Մրցույթի հայաստանյան և բելառուսական կողմերը քննարկումներ են ունեցել մի քանի թեկնածուների շուրջ, որի արդյունքում որոշում է կայացվել՝ Մաշա Մնջոյանը կլինի «Սլավյանսկի բազար 2023»-ում Հայաստանի պատվիրակը։
«Այս պահին, Մաշա Մնջոյանը կրթությունը շարունակելու նպատակով գտնվում է Ավստրալիայում և պատրաստակամություն է հայտնել լինել «Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակը։ Այս պահին Մաշայի հետ երգերի ընտրության շուրջ քննարկման փուլում ենք և հաջորդ շաբաթ արդեն հայտնի կլինեն, թե ինչ ստեղծագործություններով Մաշան կներկայանա այդ հեղինակավոր մրցույթում»,- տեղեկացրեց «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը։
«Երբ առաջարկը ստացա շատ ուրախացա ու միանգամից ասացի, ինչ լավ է, որ ինձ դեռ հիշում են Հայաստանում ու նորից կարող եմ իմ արվեստով ծառայել իմ երկրին»,- մեզ հետ զրույցում ասաց Մաշա Մնջոյանն ու շեշտեց, որ միշտ պատրաստ է Հայաստանը ներկայացնել միջազգային հեղինակավոր մրցույթներում՝ դրա հնարավորությունն ունենալու դեպքում։
Կարդացեք նաև
«Ավստրալիայի երաժշտական ինստիտուտի «Երաժշտության ընդհանուր բաժնի» մագիստրատուրան ավարտելուց հետո գործունեություն եմ ծավալում եվրոպական երգիչների և երաժիշտների հետ, երգում եմ տարբեր բեմերում։ Այդ բոլոր համերգներին փորձում եմ ներկայացնել հայկական երաժշտությունը և տեղի հանդիսատեսին ծանոթացնել նաև այն երկիրը որտեղից ես եմ եկել։ Պիտի խոստովանեմ, որ օտար հանդիսատեսը շատ է հավանում հայկական երաժշտությունը և անգամ հուզվում»,- իր գործունեության մասին խոսելիս պատմեց Մաշա Մնջոյանը։
Այնուամենայնիվ, չնայած Ավստրալիայում ակտիվ երաժշտական գործունեությանը, մրցույթում իր մասնակցության առաջարկը ստանալուց հետո, Մաշայի փոխանցմամբ, ֆիզիկապես և մտովի պատրաստվում է մրցույթին․ «Շուտով կլինեմ Հայաստանում, որպեսզի ավելի լավ նախապատրաստվեմ և հայաստանյան պատվիրակության հետ մեկնեմ Բելառուս»,- ուրախությամբ շեշտեց Մաշա Մնջոյանը։
Ի դեպ, մինչ Ավստրալիա մեկնելը Մաշան ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրը և մագիստրատուրան։ 2013 թվականին Հայաստանը ներկայացրել է Յուրմալայում կայացած «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում։ Նույն թվականին դարձել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի առաջին մրցույթի հաղթող։
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ