«Եթե Սերժ Սարգսյանի օրոք բանակում զենք, զինամթերք, սպառազինություն չի եղել, ապա Բաքվի ռազմավարների պուրակում այդ ի՞նչ 5 միլիարդ դոլարի զինվորական տեխնիկա է ցուցադրվում։ Խոսում են 2022 թվականի մարտերի, Սոթքի մարտերի ընթացքում հրետանու լուծած խնդիրների մասին. բա այդ ի՞նչ հրետանի է այդ խնդիրները լուծել, դրանք եղել են Սերժ Սարգսյանի օրոք եղած հրետանիները։ Էլ չեմ խոսում «Իսկանդեր», «Տոչկա Ու», «Սմերչ» համակարգերի մասին։ Իսկ իշխանությունն այսօր շահարկում է այս թեման, որպեսզի ասի, որ զենքի ժառանգություն չունենք, դրա համար չենք կարողանում անվտանգություն ապահովել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով օրերս իշխանական պատգամավորներից մեկի այն պնդմանը, թե իր ծառայության ժամանակ՝ Սերժ Սարգսյանի օրոք, բանակը պատշաճ սպառազինություն չի ունեցել։
Տիգրան Աբրահամյանը պնդեց, որ իշխանությունը բարոյական իրավունք չունի խոսելու զենքի ձեռքբերման մասին, քանզի նրանց կողմից ձեռք բերված համակարգերը չեն ունեցել սպառազինություն, ուստի կիրառման ենթակա չեն եղել. «Այս իշխանության օրոք Հայաստան եկած և պատշաճ կիրառելի զենքերն իրականում ձեռք էին բերվել ապրիլյան պատերազմից հետո, պարզապես դրանց մատակարարումը եղել է 2018, 2019, 2020 թվականներին»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ երեկ կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ, Ալիևը խոսեց Զանգեզուրի միջանցքից, իսկ Պուտինը չարձագանքեց. արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը երկկողմ պայմանավորվածություններ ունեն. «Ռուսաստանի կամքն արտահայտվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որտեղ խոսվում է միայն Լաչինի միջանցքի մասին, սրանից հետևում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը չունեն այլ պայմանավորվածություններ։ Միաժամանակ, այս իշխանությունների պարագայում, ես չեմ բացառում բանակցությունների օրակարգից դուրս Ադրբեջանի որևէ պահանջի բավարարում, քանզի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը երբեմն խաղաղ ճանապարհով, երբեմն ագրեսիա կիրառելու միջոցով, հասել է իր պահանջների բավարարմանը։ Կոնկրետ «Զանգեզուրի միջանցքի» մասով իրավիճակն այն է, որ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանն Արցախին և Նախիջևանն Ադրբեջանին կապող ուղիներն ունենան նույն կարգավիճակը»։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի վրա անցակետի տեղադրումը, որը խնդիրներ է առաջացրել ինչպես արցախահայության, այնպես էլ Կարմիր խաչի գործունեության համար։ Միաժամանակ, Տիգրան Աբրահամյանը վստահ է, որ արդեն իսկ տեղադրված անցակետի հարցը Ադրբեջանը հետագայում առավել «թանկ գնով կվաճառի», որպեսզի հասնի բանակցային հաջողությունների։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ինչքան էլ դա ցավոտ է եղել Հայաստանի համար, Հայաստանի իշխանություններն առանց տրամաբանության շտապողականություն են դրսևորել և իրականացրել են իրենց բոլոր պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հակառակն է անում։ Այս մասով, անցակետի մասով ևս Ռուսաստանի գործողություններն առավել հասցեական պետք է լինեն»,- ասաց նա։
Անդրադառնալով անկլավների կարգավիճակի հետ կապված հարցերին էլ, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Փաշինյանի նշած տարածքը ենթադրում է ոչ միայն Արցախի, այլև անկլավների հանձնում Ադրբեջանին։ Խնդիրն այն է, որ սահմանը և անկլավները փաստացի ձևավորվել են Ադրբեջանից սպառնացող հնարավոր վտանգների, ռազմական տեսանկյունից կոնկրետ անհրաժեշտությունների հիման վրա։ Այսինքն, բացի զուտ տարածքայինից, անկլավներն ունեն ռազմական կարևոր նշանակություն։ Կարող են փաստաթուղթ ստորագրել անկլավները փոխադարձ հանձնելու մասին, բայց ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարության, այնպես էլ այս դեպքում, ես չեմ բացառում, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները, իսկ Ադրբեջանն այդպես էլ նույն կերպ չարձագանքի»։
Բանախոսը հիշեցրեց, որ անկլավների հարցը որևէ կերպ առկա չէր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, սակայն Ադրբեջանը, Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական կեցվածքի արդյունքում, կարողացավ այն բերել օրակարգ և այսօր պահանջում է իր քաղաքացիների վերադարձ այն տարածքներ, որտեղ նրանք ապրել են սովետական տարիներին։ Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ, որևէ փուլում Ադրբեջանը կառաջադրի նաև այդ տարածքներում իր կողմից անվտանգության վերահսկողության իրականացման պահանջ և շարունակաբար Հայաստանից զիջումներ կկորզի։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ