Aravot.am-ի տեղեկություններով՝ Այգեպատ վարչական շրջանում երեկ ուշ երեկոյան երիտասարդների միջեւ տեղի ունեցած դանակահարությունը հայհոյանքի պատճառով է տեղի ունեցել: Երիտասարդներից մեկը մյուսին հայհոյել է, սկսել են վիճել, ինչն ավարտվել է դանակահարությամբ:
Դանակահարված երիտասարդն այսօր երկրորդ վիրահատությանն է ենթարկվել, հեռացրել են փայծաղը ու առողջական վիճակը չի կայունանում: Մեր տեղեկություններով՝ նրա համար արյան դոնորներ են փնտրում:
Այգեպատի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ասյա Հակոբյանը մեր զրույցում ասաց, որ վիճաբանության մասնակից երիտասարդներն իրենց դպրոցի նախկին շրջանավարտներն են ու կատարվածը որեւէ առնչություն չունի դպրոցի վերջին զանգի փորձերի հետ:
Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանն էլ ասաց՝ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ երիտասարդները փորձել են մտնել դպրոց մասնակցելու «վերջին զանգի» փորձին. «Դպրոց մտնելու խնդիր է եղել, դանակահարվողը տնօրենից թույլտվություն է վերցրել, մի խոսքով սենց ստից բանի համար իրար չեն հասկացել, երեւի: Հետո վիճաբանությունը շարունակվել է դպրոցից դուրս»:
Դպրոցի տնօրենն էլ վստահեցրեց՝ փորձերին մասնակցելու փորձ նույնիսկ չի եղել. «Նրանք դպրոցի հետ կապ չունեն, մեծ տղաներ են: Դեպքն էլ գյուղում չի եղել, հարակից գյուղում է եղել, դպրոցի հետ էլ կապ չունեն»:
«Ես ոնց հասկանում եմ՝ մի հատ դատարկ բանից վիճել են: Իրար չեն հասկացել»,- դեպքի պատճառների մասին այսքանն ասաց գյուղապետը:
Նա նաեւ հավելեց, որ դանակահարվածի հայրը միջադեպի մասնակից չի եղել, պարզապես վեճի ձայներից է դուրս եկել ու փորձել դադարեցնել վիճաբանությունը. «Հայրը գոռոց է լսել, եկել է, հարցրել՝ ինչ ունեք իրար հետ, որ չեք կարողանում լուծել, էդ խոսակցության մեջ որդին վատացել է, ընկել: Միանգամից տարել են հիվանդանոց»:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ն ավելի վաղ հաղորդել էր՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ. «Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Սահակյանն է։Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 22։00-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Ղարիբյան-Չկալովի փողոցների խաչմերուկում Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 22-ամյա Մարատ Մինասյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ս․ Սահակյանին, ապա հարձակվել վերջինիս հոր ՝ 48-ամյա Արայիկ Սահակյանի վրա, սակայն հայրը պաշտպանվել է, իսկ Մ․ Մինասյանը դիմել է փախուստի»: Քրեական հետախույզները մի քանի ժամ դարանակալում անելուց հետո՝ բռնել էին նրան և բերման ենթարկել Ոստիկանության Արտաշատի բաժին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ