Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները. Արթուր Հովհաննիսյան

Մայիս 26,2023 15:44

«Երեկ վարչապետ Փաշինյանը հակադարձեց Ալիևին՝ ասելով, որ մենք առաջին անգամ ենք լսում, որ Ռուսաստանի նախագահն աջակցում է Զանգեզուրի միջանցքային տրամաբանությամբ ճանապարհի նարատիվին, իհարկե, բանակցային հետագա գործընթացում մենք տերմինների առումով կմոտարկենք մեր մոտեցումները, բայց այդ մասով զիջումներ չեն լինելու, Լաչինի միջանցքից բացի, մեր տարածքով անցնող, մեր օրենսդրությամբ չնախատեսված որևէ այլ միջանցքի հարցը մեզ համար կարմիր գիծ է, որի մասին ոչ մեկ անգամ ենք խոսել»,- այս մասին այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ալիևն ինքն էլ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և չի կարող մեր ինքնիշխան տարածքից որևէ բան պահանջել։

Հիշեցնենք, որ երեկ, Մոսկվայում, Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ «միջանցք» տերմինի շուրջ լեզվակռիվ է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Այլ մանրամասները` տեսանյութում

ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ մանրամասնեց` բանակցվում է նաև տարածաշրջանում ապաշրջափակման հարցը’ շեշտելով, որ երկու կողմերն էլ ապաշրջափակման վերաբերյալ դրական դիրքորոշում ունեն, պարզապես որոշակի մանրամասն հարցերի առնչությամբ դեռևս որոշումներ չկան։ Նա նշեց, որ ապաշրջափակման հարցը չպետք է որևէ կերպ կապել Լաչինի միջանցքի կարգավիճակի հետ, քանզի վերջինիս կարգավիճակը իրավականորեն բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի դրույթներից։

Լրագրողները նկատեցին, որ նոյեմբերի 9-ից հետո սա առաջին հանդիպումն էր, որին չի հաջորդել որևէ հայտարարություն, մինչդեռ ռուսական մամուլը նույնիսկ գրում էր, որ նախատեսվում է երկու փաստաթղթի ստորագրում եւ հետաքրքրվեցին` արդյոք երեկվա հանդիպումը տապալվել է, ո՞րն է Հայաստանի դերն այդ տապալման մեջ։

Վլադիմիր Վարդանյան

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Դուք արդեն որոշել եք, որ հանդիպումը չի ստացվել և գնահատականներ եք տալիս, բայց քանի դեռ բանակցությունների արդյունքում չի ձևավորվել կոնկրետ արդյունք, ապա մանրամասներ հրապարակելը, հայտարարություն անելը որևէ կերպ չեն նպաստելու բանակցությունների հետագա ընթացքին։ Բացի այդ, մենք չունենք արհեստական արագացման կամ դանդաղեցման խնդիր։ Իսկ հայտարարություն չի եղել, որովհետև ի տարբերություն իմ մասնագիտության՝ իրավագիտության, դիվանագիտությունը շատ ճկուն է, չկան կոնկրետ պահանջներ, որ անպայման հանդիպումից հետո պետք է լինի հայտարարություն»։

Այլ մանրամասները` տեսանյութում

«Այս պահին իրականության մեջ չկա որևէ փաստաթուղթ, կա ընդամենը մեկ փաստաթղթի նախագիծ, որը բոլորիս հայտնի խաղաղության պայմանագրի նախագիծն է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առավել մանրամասներով կիսվելը տեղին չի համարում, քանզի դեռևս որևէ հստակ բան առկա չէ. ճիշտ կլինի հանրության հետ կիսվել հստակ մանրամասներով, երբ երկու կողմերի մոտեցումները հնարավորինս մոտարկված կլինեն։

Վլադիմիր Վարդանյանն էլ նկատեց, որ նոյեմբերի 9-ից հետո որոշ ուժերի համար ձեռնտու է դարձել խոսել հապճեպ կնքվող փաստաթղթի մասին, սակայն իրականում բանակցելը, համաձայնության գալը, փաստաթուղթ կնքելը, վավերացնելն ու դրա ուժի մեջ մտնելը մեկ օրում չեն լինում. «Իսկ ինչ վերաբերում է ռուսական «Կոմերսանտի» հրապարակումներին, ապա ես չգիտեմ նրանց տեղեկատվության աղբյուրները, կոչ եմ անում հետևել միայն պաշտոնական մամուլին»։

Արթուր Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց` արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները. «Հայաստանը փորձում է պաշտպանել իր ինքնիշխան տարածքը և արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը։ Այդ նպատակով մենք փորձում ենք բանակցությունների սեղան հետ բերել Արցախին, որը դուրս է թողնվել Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Արցախի հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով’ միջազգային երաշխիքների առկայությամբ։ Արցախի պաշտոնատար անձանց հայտարարություններին մենք չենք անդրադառնալու, մենք մեր արցախցի գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք, նրանք տեղյակ են եղել, տեղյակ են և տեղյակ են լինելու բանակցային գործընթացից»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031