«Ես՝ որպես նախարար և գործիչ միշտ կողմնակից եմ եղել ԼՂՀ ճանաչմանը և այդ հարցով ունեցել եմ տարաձայնություններ բոլոր իշխանությունների հետ»,- լրագրողների հիշեցմանը՝ ՀՀ նախկին ԱԳ նախարար եք եղել և հարցին՝ նախորդ 20-25 տարիների ընթացքում՝ մինչև 2020-ի պատերազմը, ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ-ն չկարողացավ հասնել Արցախի անկախությանը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ միշտ, անկախ քաղաքական վայրիվերումներից, կողմնակից է եղել՝ ԼՂ-ն իր արժանիքների վրա, Մոնտեվիդեոյի կոնվենցիայի հիման վրա ճանաչվեր և դա չկապվեր պատերազմական իրավիճակների հետ։ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց․ «Ընդունելով ԵԱԽ-ի միջնորդությունը՝ ՀՀ անունից 1992-ի մարտին մենք մտանք մի գործընթացի մեջ, որը նուրբ էր, բայց Ադրբեջանն՝ ինքը չակերտների մեջ կանխորոշում էր այդ գործընթացի ավարտը՝ ասելով, որ մենք երբեք ԼՂ անկախությունը չէինք ճանաչի։ Այնպես որ, ՀՀ-ն դիրքորոշումը նույն հայելային իմաստով այդ իրավիճակում չէր փոխի։ Իմ դիվանագիտական հանդիպումներում ես բարձրացնում էի՝ մենք ինչո՞ւ ճանաչենք, եթե դուք չեք ճանաչել։ Պետք չէր սպասեինք վերջին րոպեին, երբ իր գոյությունը վտանգի տակ էր, որ դիմեինք անջատում հանուն փրկության մեխանիզմով հասնելու ճանաչմանը։ 1994-ին, առավել ևս, զինադադարին զուգահեռ, երբ թղթի վրա ունեինք երեք ստորագրություն, այն ժամանակ ուժի դիրքերից արդեն մենք պատրաստ էինք ճանաչման»։
Իսկ թե ինչո՞ւ դա չեղավ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց՝ 1992-ին ես հրաժարական տվեցի։ Նա ասաց․ «Բոլոր իշխանություններին ընդդիմադիր եմ եղել։ Դիվանագիտական փաթեթների մեջ սխալներ եղել են բոլորի մոտ, բայց հիմա այն, ինչ անում է այս առ ոչինչը՝ կապելով ԼՂ ինքնորոշման իրավունքը և ԼՂՀ-ի կայացման իրողությունը այս կամ այն իշխանության դիվանագիտական դիրքորոշման, իր դիվանագիտական փաթեթի հետ, որը բանակցային փաթեթ է և դա ներկայացնել՝ որպես ՀՀ-ի ընդունում տարածքային ամբողջականության կամ ԼՂ-ն՝ Ադրբեջանի մաս, դա բարձրագույն կեղծավորություն է։ Ոչ մի նախկին իշխանություն, որքան էլ ես ընդդիմացել եմ, նման բան չի արել։ Սա ուղղակի կեղծիք է պատմության առաջ»։
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումն ու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որտեղ ընդգծեց, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, Րաֆֆի Հովհանիսյանը պատասխանեց․ «Ես համարում եմ՝ իր ներկայությունն ու իր խոսքն առ ոչինչ են, և եթե պետք է իր իշխանությունը պահելու համար, շատ լավ էլ կտա»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ