Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխել ՀՀ-ի և ԱՀ-ի վերջնական կապիտուլյացիան ու ոչնչացումը․ «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր է ստորագրվել

Մայիս 26,2023 15:32

Մայիսի 24-ին Երևանում և Ստեփանակերտում ստորագրվել է «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև։

Հուշագրի տեքստում ասվում է․

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար մեկտեղված կարողությունների ձևավորման խիստ անհրաժեշտությունը և գիտակցելով խնդիրների լուծման հրատապությունը, մասնավորապես՝

– հաղթահարել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև կանգնած գոյութենական մարտահրավերները,

– կանխել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վերջնական կապիտուլյացիան և պետականության ոչնչացումը,

– դուրս բերել Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ներկայիս անվտանգային ճգնաժամից,

– հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու Արցախի ինքնորոշումը պաշտպանելու հանձնառությանը,

համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին:

Ըստ այդմ՝ «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը, ԱՀ «Արդարություն» կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը

ա) արձանագրում են, որ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, և այս փաստն անբեկանելի իրողություն է,

բ) փաստում և արձանագրում են, որ միավորված գործունեությունը հիմնված է լինելու Հայաստանի և Արցախի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի և Արցախի երկարատև ու կայուն փոխգործակցությունը,

գ) անհրաժեշտ քաղաքական և այլ նախաձեռնությունների ներդաշնակեցման, կապի ամրապնդման և համատեղ իրականացվելիք գործողություններն ապահովող քայլերը համաձայնեցնելու համար նպատակ ունեն իրականացնել փոխգործակցություն Հայաստանի և Արցախի տարածքում՝ նպաստելով հայկական երկու պետություններում ճգնաժամերը հաղթահարելու համատեղ գործունեության արդյունավետության բարձրացմանը,

դ) համախմբված գործունեության (այդ թվում՝ քաղաքական կամ հասարակական նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն փոխադարձ համաձայնությամբ:

Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և դրա գործունեությունը կարող է դադարեցվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ նրանցից մեկի նախաձեռնությամբ։

Աննա Կոստանյան
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ՇԱՐԺՈՒՄ

Հակոբ Հակոբյան
ԱՐՑԱԽԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արթուր Մոսիյան
ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽԻ ԿԱՌՈՒՅՑ

Աշոտ Ղուլյան
ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031