Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
✅ Պաշտպանը հյուրին ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին, գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին վերաբերելի հարցեր: Նա հատուկ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանամերձ բնակավայրում մայիսի 17-ին շտապօգնության ավտոմեքենայի և բուժանձնակազմի թիրախավորմանը՝ ընդգծելով, որ դա միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է։
✅ Խոսելով Նիդերլանդների հետ համագործակցության մասին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ 2022 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագիրը, ըստ որի՝ կողմերն իրականացնում են «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորում է Թագավորության կառավարությունը։
✅ Պաշտպանը Դեսպանին ծանոթացրել է նաև կառույցի գործունեության առաջնահերթություններին, որոնց թվում են երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, խտրականության բացառումը:
Կարդացեք նաև
✅ Իր հերթին, դեսպանը՝ շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ, ընդգծել է, որ շատ է կարևորում դեսպանության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը։
📌 Հանդիպման շրջանակում կողմերը սերտ շփումները շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
Մարդու իրավունքների պաշտպան