Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ «Նիկոլ-2» արարն է տեղի ունենում Արցախում. «Իրավունք»

Մայիս 26,2023 11:34

«Իրավունքը» զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

—Վերադառնանք պետնախարարի պաշտոնին. որո՞նք են այն գործառույթները, որը Սամվել Բաբայանը կարող է իրականացնել այդ պաշտոնում, ինչը չկարողացավ` որպես ԱԽՔ:

— Այդ պաշտոնը, որին հավակնում է ռազմական գործիչը, որեւէ աղերս չունի ռազմական գործի, արտաքին քաղաքականության հետ, որովհետեւ Արցախի պետնախարարը համակարգում է գերատեսչությունները` բացառությամբ ԱԳՆ-ի եւ ուժային կառույցների: Այսինքն, պետնախարարն ընդամենն Արցախի ներքին հարցերով է զբաղված: Հետեւաբար, Արցախի հերոսի բնութագրումը չի համապատասխանում այդ պաշտոնի գործառույթներին: Բայց նա հայտ է ներկայացրել եւ գուցե գիտի, թե ինչ է անելու: Չեմ կարող ասել, որովհետեւ որեւէ առնչություն չունեմ: Այո՛, այն հայտարարությունները, որոնք արվել են իր հարցազրույցներում, մտահոգիչ են ե՛ւ հասարակության, ե՛ւ քաղաքական ուժերի համար: Բայց մենք չենք կենտրոնացել այդ հայտարարությունների վրա, որովհետեւ մեր օրակարգն ունենք եւ վաղուց արդեն որեւէ մի այլ օրակարգով չենք շեղվում մեր հիմնական գործից եւ մտնում մյուս գործիչների դաշտ` գիտակցելով, որ այն գործընթացները որ արդեն բավական երկար ժամանակ համակարգում ենք եւ արդեն ավարտին ենք հասցրել, շատ կարեւոր են եւ միտված են հենց Արցախը փրկելուն: Ուստի` չենք հետաքրքրվում նման գործընթացներով, որ տեղի են ունենում Արցախում: Իսկ այն գործընթանցները, որոնք մենք ենք իրականացնում եւ որի շուրջ համախմբված են բավականին սթափ քաղաքական ուժեր, հանրության բավականին մեծ հատված, այդտեղ որեւէ մեկն ակնկալիք չունի պաշտոն ստանալու, ինչ-որ սեփական քաղաքական խնդիրները լուծելու, իր նեղ քաղաքական շահը առաջ տանելու: Մենք հավաքված ենք մարդկանցով, որոնց շահը Արցախի փրկությունն է: Եվ ոչ միայն Արցախի, որովհետեւ շատ հստակ տեսնում ենք, որ փրկության կարիք ունի Հայաստանի Հանրապետությունը, ինչին անտարբեր մնալ չենք կարող: Այնպես որ, ինձ համար մի տեսակ ընկալելի չեն այսօր քաղաքական ինտրիգները, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ, մանավանդ, եթե իրականում իրենից ուժ է ներկայացնում եւ հնարավորություններ ունի, ապա առանց պաշտոնի էլ միանշանակ կարող է Արցախում գործընթացներ իրականացնել: Այսօր, ցավոք սրտի, այն իրավիճակում ենք, որ այլեւս իշխանության ձգտումը լուրջ չի դիտարկվում:

— Հաշվի առնելով Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գերակտիվությունը Սամվել Բաբայանի հանրահավաքին եւ դրանից հետո` կարո՞ղ ենք ասել, որ այս գործընթացի հետեւում, եթե նույնիսկ Արցախի իշխանություններն էլ չեն, ապա կա Հայաստանից «դաբրո»:

— Չանձնավորելով կոնկրետ Սամվել Բաբայանին` շրջափակումից առաջ եւ հատկապես հետո` բավականին տարօրինակ ներքաղաքական ակտիվություն ենք նկատում եւ հայաստանյան իշխանությունների ձեռագիրն ենք տեսնում Արցախում: Ամեն բան սկսվեց ռուս խաղաղապահների դեմ 10-20 հոգով ինչ-որ ակցիաներ անելով, որին, ցավոք, ՀՀ վարչապետն էլ անդրադարձավ: 50-60 հազարանոց հանրահավաքները դիտարկվում էր շատ վատ, իսկ 10-20 հոգով ռուս խաղաղապահներին վատաբանելը Հայաստանի իշխանությունների կողմից` որպես Արցախի ժողովրդի դժգոհություն էր դիտարկվում ռուս խաղաղապահներից: Եվ սա այն պարագայում, երբ բազմիցս ասել ենք, եւ այդպես էլ հենց ժողովուրդն է ընկալում, որ ռուս խաղաղապահը որեւէ կերպ չի կարող քաղաքական գործընթաց իրականացնել եւ այն, ինչ անում է խաղաղապահը, անում է առավելագույն ձեւով: Այս իրավիճակը, որում հայտնվել ենք նման վարվող կամ ընդանրապես չվարվող քաղաքականության հետեւանքով, ռուս խաղաղապահը, պարզապես, չի կարող լուծել: Սա արեն բավարար էր, որպեսզի տեսնեինք, որ այո՛, ՀՀ իշխանությունների ձեռքերը հասել են Արցախ: Ինչպես ես եմ հաճախ ասում, «Նիկոլ-2» արարն է տեղի ունենում Արցախում: Առաջին արարի վերջը պատերազմն էր, երբ ունեցանք հազարավոր նահատակներ եւ Հայրենիքի մի հատվածի կորուստ: Հիմա երկրորդ արարն է, որի վերջը կարծում եմ` բոլորն են տեսնում, որ Արցախի ուղղակի չլինելն է եւ Հայաստանի Հանրապետության շատ ծանր ու անհասկանալի իրավիճակում հայտնվելը: Հետեւապես, վստահաբար կարող եմ ասել, որ հասել են այստեղ ՀՀ իշխանության ձեռքերը տարբեր «պրոյեկտների» ձեւով: Կոնկրետ անուններ չեմ կարող տալ, որովհետեւ, բնականաբար, չեմ եղել այդ պայմանավորվածությունների ժամանակ, որպեսզի փաստեմ: Բայց ամեն բան շատ նման է 2018-ի գործընթացներին, որ տեղի էին ունենում ՀՀ-ում: Կարծում եմ` նույնիսկ անզեն աչքով հնարավորություն ունեք` ինքներդ տեսնելու այս ամենը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031