Լրահոս
Օրվա լրահոսը

Սինանյանն այս առիթով որևէ պահանջ, նույնիսկ խնդրանք չի փոխանցում, թե «Նուռ»-ը արդարություն որոնող հայ ժողովրդի նվազագույն պահանջն է. «Ազգ»

Մայիս 26,2023 11:18

Չորեքշաբթի՝ մայիսի 24-ի երեկոյան Քյոլնում քաղաքային իշխանության պատվերով նորից տեղահանվեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման «Այս ցավը բոլորինս է» գրությամբ Նուռ հուշարձանը: Այս անգամ առավել քան ամոթալի է թուրք ժխտողականության առջեւ այսպիսի նահանջը մի ատյանի, որն արհամարհում է 2023-ի մարտին իր պաշտոնյաների՝ թաղապետարանի մինչեւ 2024 թվականի ապրիլ տրված արտոնությունը, որի մասին ծանուցել ենք մեր նախորդ հոդվածներում: Նախաձեռնության հեղինակները, Քյոլնի հայ համայնքը պայքարը շարունակելու են:

«Ազգ»-ում մայիսի 5-ին գրել էինք ընտրությունների նախաշեմին գերմանական իշխանության ներկայացուցիչների վրա թուրքական ճնշման մասին՝ ակնարկելով, թե խոսքը երեւի  հուշարձանի մասին է: Սա հաստատում է Գերմանիայում ծանոթ հրեական կյանքը լուսաբանող առցանց haGalil-ը, որ հղում է անում մայիսի սկզբին թուրքական «Հուրիյեթ»-ում Քյոլնի հուշարձանի մասին հրապարակմանը: Ըստ դրա, նաեւ այլ աղբյուրների հայտնի է դառնում, որ Քյոլնում եւ մերձակայքում թուրքական 50 ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատմության ուրացմամբ հայտնի դեմքեր, պահանջել են հայկական հուշարձանի հեռացումը՝ վկայաբերելով, թե «այն խաթարում է հանրային կարգը, սոցիալական անդորրը,  հարձակում է հասարակական կարգի եւ սոցիալական հաշտեցման մշակույթի վրա»:

Անշուշտ Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի ունկը կարոտ է նման ձեւակերպումների, նա միշտ տուրք է տվել, որ թուրք ժխտողների ձայնը երբեք չկտրվի, իսկ այժմ, երբ մայիսի սկզբին նրա հետ հանդիպում է ՀՀ սփյուռքի հանձնակատար Սինանյանը, որ այս առիթով որեւէ պահանջ, հիշեցում, նույնիսկ խնդրանք չի փոխանցում, թե Նուռը արդարություն որոնող հայ ժողովրդի նվազագույն պահանջն է, եւ Բունդեսթագի 2016-ի հունիսի 2-ի բանաձեւի ոգուց է բխում ուրացումը դատապարտելը, եւ լավագույն ձեւը Նուռն այլեւս չտեղաշարժելն է, Ռեքերը, երեւի, հայ համայնքի շահերը ստորադասելու իր ծրագրից այլեւս պատճառ չի տեսնում հրաժարվելու: Թուրքերի՝ «Հայաստանը սեպ է, որ պիտի հեռացնել» ձեւակերպումը որդեգրած Ադրբեջանը մեկ ուրիշ դաս էլ անգիր է արել:

Ադրբեջանական պաշտոնական «Հայկական սփյուռքը քաղցկեղ է, որ տարածվում է եւ այն պիտի հեռացնել» բանաձեւն այժմ ավելի մեծ եռանդ է կուտակում, քանզի երկու պետությունների՝ հայկական ամեն ինչի հանդեպ ատելությունը կարծես գերարագ սլացքի մեջ է, մինչդեռ արգելակման զորեղ միջոցները՝ Ալցհայմերի հիվանդության գերին են… «այլեւս երբեքը»՝  այսինքն՝ հիշելն ու հիշեցնելը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի գոյության բանալին են: Մեր իմունային պատնեշը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

 

Հ.Գ. Ճշտում. «Նուռ» հուշարձանը դեռ նույն տեղում է, մինչեւ դատարանը վճիռ կայացնի

Այսօրվա «Ազգում» հրապարակված մեր «Հայոց դիմադրողականության փորձարկում՝ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում» հոդվածում մի նախադասություն, բարեբախտաբար, չի համապատասխանում իրականությանը՝ Քյոլնի «Նուռ» հուշարձանը դեռ չի ապամոնտաժվել, մինչեւ դատարանը վճիռ կկայացնի: Այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող հուշարձանը կարող էր մնալ քաղաքի կենտրոնական այդ հրապարակում հինգշաբթի տեղական ժամանակով մինչեւ ժամը 22-ը, ինչը բազմիցս ճշգրիտ իրականացվել էր նախորդ տարիներին, առիթ էր տվել Երեւանում ավելի վաղ տպարան ուղարկվող մեր թերթում արձանագրել՝ իբրեւ կատարված գործողություն: Հուշարձանի մասին թարմացվող տեղեկությունների կայքում երեկ տեղադրված էր ապամոնտաժման հին լուսանկարը՝ առանց թվագրման, որ ընկալել տվեց, թե հուշարձանն արդեն տարածքից հեռացրել են: Սրտացավ, օպերատիվ աշխատանք ցուցաբերած նախաձեռնող խումբն էլ մինչեւ գրելուս պահը որեւէ բան դեռ չի ավելացրել կամ փոփոխել լրատվության մեջ: Մեզ համար ենթադրելի բացատրություն ունի այս վարքը՝ թուրքական ժխտողականության մարտնչող բանակն ամեն բան մեզնից առաջ չպիտի գիտենա…

Այնպես որ, «Նուռ» հուշարձանը դեռ նույն տեղում է։

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031