Ինչպէ՞ս է, որ երկիրը ղեկավարող անձը որքան շատ է խօսում խաղաղութեան մասին, այնքան աւելի է մեծանում պատերազմի վտանգը, եւ եթէ մեծ պատերազմը չի վերսկսւում, պատճառն այն է, որ առանց դրա էլ թուրքերը Հայաաստանը գրաւում են մետր առ մետր։ Պատերազմից յետոյ Նիկոլ Փաշինեանը տեղին ու անտեղի փիլիսոփայում է այն մասին, որ արցախցիներն իրենք պէտք է որոշեն իրենց ճակատագիրը՝ բանակցելով ատրպէյճանցիների հետ։ Այդ դէպքում Ատրպէյճանի ամբողջականութիւնը 86,6․000 ք/կմ տարածքի վրայ ճանաչելը, եթէ չի նշանակում, որ Հայաստանի ղեկավարը Արցախը պաշտօնապէս ճանաչում է Ատրպէյճանի կազմում, ապա ի՞նչ է նշանակում։ Ինչպէս հասկանալ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները, եթէ դրանց ձեռքբերումից առաջ ու յետոյ Ատրպէյճանը շարունակում է յարձակուել եւ ռմբակոծել հայկական տարածքները, իսկ Հայաստանի ղեկավարութիւնը ձայն չի հանում, հարցականի տակ չի դնում պայմանաւորուածութիւնների յուսալիութիւնը։ Աւելին, հետեւողականօրէն շարունակուող այս սցենարը աւելի ու աւելի է հիմնաւորում կասկածը, որ Փաշինեանն ու Ալիեւը գործում են համաձայնեցուած ձեւով։ Ալիեւի ձեռնարկած ռազմական բնոյթի ուղղակի եւ անուղղակի գործողութիւններից յետոյ (ռազմական առաջխաղացումներ, շրջափակումներ, անցակէտերի տեղադրում) Նիկոլ Փաշինեանը «ստիպուած է լինում» տարածքներ, ճանապարհներ ու դիրքեր զիջել, որպէսզի հայկական կողմը շատ զոհ չտայ։ Եւ այն, ինչ այս օրերին է տեղի ունենում, իրաւունք չի՞ տալիս արդեօք մտածելու, որ Նիկոլ Փաշինեանը պատրաստւում է Ալիեւին յանձնել նաեւ Սոթքի վերջին հանքավայրը։
Ի՞նչ կարելի է սպասել մի մարդուց, որն իր գրութիւններում հակակրանք է արտայայտել հայոց նախնիների հանդէպ, Արցախը համարել է ատրպէյճանապատկան, Զանգեզուրով Թուրքիային միջանցք չտրամադրելու հայ ժողովրդի յամառութիւնը բնորոշել է որպէս «չուզողութիւն»։ Նիկոլ Փաշինեանը եւ նրա ղեկավարած խմբակը չեն հաւատում հայ ժողովրդի ուժին ու իտէալներին, երբեք կողմնակիցը չեն եղել Արցախի անկախութեանը եւ ցաւ չեն զգում նորանոր տարածքների հաշուին Հայաստանի ռազմավարական զիջումների համար։ Այս ուժը չի հաւատում, որ Հայաստանն ու հայութիւնը ունակ են իրենց պաշտպանելու եւ այդ պաշտպանութիւնը փնտռում են դրսում։ Նիկոլ Փաշինեանը հետեւողականօրէն իրականացնում է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու արեւմտաթուրքական ծրագիրը եւ դրա դիմաց արեւմուտքից աղերսում է պաշտպանութիւն, որպէսզի մնայ իշխանութեան ղեկին։ Այս մասին է վկայում նաեւ Ռէյկիավիկում տեղի ունեցած Եւրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում սոյն թուականի Մայիսի 17-ին Նիկոլ Փաշինեանի արտասանած խօսքը ժողովրդավարութեան մասին, որում անդրադարձ չկայ Արցախի իրաւունքների, հայութեան անվտանգութեան վերաբերեալ։ Փաշինեանը հաւաստիացնում է, որ ինքը Արեւմուտքի ժողովրդավարութեան արժեհամակարգի դրօշակակիրն է՝ ակնկալելով Արեւմուտքից հովանաւորութիւն իր իշխանութեան նկատմամբ։
Այս մէկը, թերեւս, Զելենսկուց սովորած դաս է․ վերջինս էլ Արեւմուտքին ներկայանում է որպէս ռուսական ագրեսիայից աշխարհը պաշտպանող առաքեալ եւ համապատասխան գին է պահանջում դրա դիմաց։
Օտարին ապաւինած եւ վերջինիս ծրագրերի իրականացման համար Արցախը յանձնող ու Հայաստանը բզկտման տանող Փաշինեանը եւս մէկ անգամ կոպտօրէն ոտնահարեց Հայաստանի օրէնսդրութիւնը, խորհրդարանի ու կառավարութեան մի շարք որոշումները՝ Արցախը փաստացի ճանաչելով Ատրպէյճանի կազմում։ Մեր այս գրութեան մէջ զուգահեռ տարուեց երկու իշխանութիւնների միջեւ, որոնցից մէկը ապաւինեց հայութեան ուժին ու իտէալներին եւ անձեւ քաոսից կարողացաւ անկախ պետութիւն կերտել։ Միւսը պետութիւնը փորձադաշտ դարձրեց օտար շահերի համար, հաւատաց ու յենուեց ոչ թէ սեփական ժողովրդի ուժի, այլ օտարի սին խոստումների վրայ եւ կործանման տարաւ Արցախը ու շարունակում է ինքնիշխանութեան կորստի տանել Հայաստանը։ Հասկանալով իր կատարած յանցագործութիւնների ահաւորութիւնը՝ այս ղեկավարը սկսում է աւելի ու աւելի վախենալ պատժից եւ աւելի մեծ չափով է ապաւինում ու կախման մէջ ընկնում արտաքին ուժերից։ Վերջիններիս հովանաւորութեան դիմաց էլ նա հատուցում է երկրի հաշուին։
Գրեթէ բոլորն են հասկանում, որ փրկութեան ելքը համազգային բռունցք ձեւաւորելու եւ հետեւողական պայքար ծաւալելու մէջ է։ Պայքարը պէտք է ուժգնանայ՝ ձնագնդի պէս ընթացք առնելով եւ ոչ թէ նախ սպասել, որ այդ ձնագունդը մեծանայ, յետոյ պայքար սկսել։ Պայքարե՞լ, թէ լուռ հետեւել՝ ինչպէս է երկիրը գլորւում անդունդը․ կանգնած ենք այս երկընտրանքի առջեւ, երկու ճանապարհն էլ անցել ենք, երկուսի արդիւնքն ու հետեւանքն էլ ճաշակել։ Կը կարողանա՞յ հայ ժողովուրդը կրկին բռունցքուել, ինչպէս Սարդարապատից առաջ։ Յաղթանակի ձգտումից են ծնւում նոր յաղթանակները։
Կարդացեք նաև
Առաջնորդող
Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթում