Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ կադաստրի վկայական է ուզում ստանալ Փաշինյանը՝ բնակարանի ննջասենյակները, խոհանոցը եւ պատշգամբը զիջելով հարեւանին. «Ազգ»

Մայիս 26,2023 10:33

Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո, երբ հնչել էին մեզանից շատերի համար ոչ անսպասելի, իսկ լայն շերտերի համար շոկային մտքերը, թե, այո, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախն ու անկլավները, Հայաստանում եւ Արցախում բոլորովին նոր վիճակ ստեղծվեց: Եւ պատահական չէ, որ նախ Արցախից հնչեցին վերջին շրջանում ներքաղաքական լարվածությունը կրողների հակահայտարարություններ, իսկ Հայաստանում՝ Փաշինյանի ծրագրին դիմադրելու կոչեր:

Երբ Ազգային ժողովի այս քառօրյայի առաջին օրը իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին հիշեցրինք, որ Արցախի խորհրդարանի հայտարարությամբ՝ Արցախը համաձայն չէ վերջին ասուլիսում հնչեցրած վարչապետ Փաշինյանի տեսակետներին եւ չի հրաժարվում ինքնորոշման իրավունքի իրացումից, Հովհաննիսյանը հակադարձեց, որ Հայաստանի ղեկավարներն ամեն օր կապի մեջ են Արցախի ղեկավարների հետ (Արցախի նախագահին նկատի ուներ) եւ առանց նրանց հետ համաձայնեցնելու ոչինչ չի արվում: Ի՞նչ համաձայնության մասին է խոսում Ա. Հովհաննիսյանը, երբ Արցախի նախագահը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ եւ այնտեղ եւս Արցախի ինքնորոշումից հրաժարիմք չկա, հակառակը, խոսվում է այն մասին, որ Արցախը չի եղել »õ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է Արցախի ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու: Նույնը նշում են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Բաբայանը, մյուսները:

Ի՞նչ է ստացվում՝ Հայաստանի վարչապետը խոսում է միայն Հայաստանի անվտանգությունից (այն էլ խիստ թեական, քանի որ դժվար թե որեւէ թուղթ ստիպի զսպել Ալիեւի ախորժակը), մի քանի ամիս շրջափակված Արցախի խնդիրը բացառապես թողնելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության տիրույթում եւ ինչ-որ անհայտ միջազգային երաշխիքներից կախված, որոնք, իբր, պետք է ապահովեն արցախցիների իրավունքներն… Ադրբեջանի կազմում: Կա՞ մեկը, որ հավատա դրան ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում:

Հատկապես Արցախում, որտեղ հիմա ներքաղաքական կոնյուկտուրան կրող մի քանի բեւեռ կա, ու նրանք բոլորն էլ, իրար հանդեպ անհանդուրժողականությամբ հանդերձ, մի բանում համակարծիք են՝ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, իրենց խոսույթներում ունեն ինքնակազմակերպվելու եւ Արցախի պայքարը շարունակելու կոչեր: Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչ իրավասահմանադրական հիմքով Հայաստանի ղեկավարը պետք է Հայաստան-Ադրբեջան բանակցային փաստաթղթի կամ նախագծի համատեքստում վճռի Արցախի ճակատագիրը:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո ստեղծվել է ներհայկական ոչ թե բարդ, այլ գերբարդ իրավիճակ, բոլոր հայերին վերաբերող, որի ընդհանուր պատասխանատուն եւ հասցեակիրը դեռ չի երեւում: Սոսկ ընդդիմությունը կամ իշխանությունը չեն կարող այդ հասցեակիրը լինել, տեղի ունեցողը բոլոր հայերին է վերաբերում: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախով եւ անկլավներով ճանաչելու փաշինյանական մտադրության հետ անհամաձայն կլինի, անշուշտ, հայության գերակշիռ մասը:

Բնականաբար՝ հայ ժողովուրդը չի կարող անտարբեր նայել, թե ինչպես է մի ողջ սերնդի կյանքի, պայքարի արգասիք Արցախը հանձնվում Ադրբեջանին, դիվանագիտորեն ինչ ձեւակերպումներով էլ դա արվի՝ բուն բնորոշումը դա է: Ունե՞նք այդ ծրագրի դեմն առնողներ, ունե՞նք այլ ծրագիր առաջարկողներ: Քաղաքական աղմուկը հանած՝ կարծես թե ոչ, որքան էլ ցավալի է: Միակ բանը, որ ասում են այս ամենին ընդդիմացողները՝ տարբեր ձեւերով ընդամենը պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Իսկ թե դրան ի՞նչ է հաջորդելու, ի՞նչ քայլեր՝ դիվանագիտական ճակատում, ի՞նչ՝ պատերազմի դեպքում, ի՞նչ քայլեր՝ ուղղված միջնորդներին եւ այլն, ոչ մի բառ:

Խորհդարանում հնչեցին քաղաքական էմոցիոնալ հայտարարություններ, սուր եւ ականջահաճո, եւ ոչ մի ռեալ առաջարկ, էլի անորոշ ասվում է՝ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, կողմնորոշվի՝ որ կողմո՞ւմ է: Խորհրդարանում չորեքշաբթի տեղի ունեցած հերթական սկանդալը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի թեկնածության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի եւ ՔՊ-ից Հովիկ Աղազարյանի միջեւ կարծում եք թե Արցախի թեմայո՞վ էր: Իհարկե ոչ՝ անձնական տիրույթում, որն ի վերջո հանգեցրեց նրան, որ թիմերը խորհրդարանում կրկին հաշիվներ մաքրեն կամ մենախոսեն, այդ թվում՝ Արցախի թեմայով: Օդի տատանում՝ միմյանց սխալ հանելու շուրջ, որը որեւէ վատ պայմանագրի ստորագրում ի զորու չէ կանգնեցնել:

Հայաստանի ընդդիմությունն իր գծած շրջանակից, այն է՝ «դավաճանը, կապիտուլյանտը պետք է հեռանա» կարգախոսից այս տարիներին ոչ դուրս է եկել, ոչ էլ ուզում է դուրս գալ՝ համակիրների բավարար թիվ չհավաքելով, ոչ էլ հետ քաշվելով՝ նոր մարդկանց համար ստեղծելու համար այն բարենպաստ մթնոլորտը, որը թույլ կտար ժողովրդին համախմբողների նոր շերտ ձեւավորել: Կորսվեց թանկ ժամանակը, իսկ հիմա եկել է հայերիս հանդեպ մեծ պարտադրանքի կիրառման ժամանակը: Այս իրավիճակում, առանց լայն ընդդիմախոսության, Նիկոլ Փաշինյանը հույս ունի ստորագրել անունը «խաղաղության պայմանագիր» մի թուղթ, որով Արցախը հանձնվում է Ադրբեջանին, անկլավների հարցը լուծվում է ոչ ի նպաստ մեր անվտանգության (ադրբեջանցիք կարող են վերահսկել մեր ռազմավարական մայրուղիները՝ հետագա հետեւանքներով): Ոչ մի կոռուպցիայի դեմ պայքար չի կարող հավասարակշռել Արցախի կորուստը:

Այս պահին ընդդիմության ոչ մի շերտ չունի այն կշիռը, որը միայնակ կարող է կազմակերպել միջազգային ճնշումներով մեզ պարտադրվող եւ իշխող ուժի, նրա ղեկավարի կողմից ընդունելի համարվող ծրագրի դեմ հանրության բողոք: Բայց այդպիսի զանգվածային բողոք չի կարող չլինել, որովհետեւ լուռ հետեւել այս բոլորին, նշանակում է դուռ բացել հետագա ավելի մեծ զիջումների համար, գուցե նաեւ՝ պետականության կորստի: Չնայած հենց նույն պատճառաբանությամբ է վարչապետ Փաշինյանն ընդունելի համարում այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, անգամ դա համարում է Հայաստանի համար կադաստրի վկայական: Թե ինչ կադաստրի վկայական է ուզում ստանալ Փաշինյանը՝ բնակարանի ննջասենյակները, խոհանոցը եւ պատշգամբը զիջելով հարեւանին, ես չգիտեմ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետության եւ հազարավոր տարիներ իր հողին ապրող ժողովրդի ղեկավար է՝ կուրսի՞ չէ, ոչ թե հարյուր տարի առաջ ստեղծված արհեստական պետության, որին ուզում է կադաստրի վկայական ցույց տալ, որ տունդ չմտնի: Էլ չասած Ադրբեջանի ո՞ր 86 հազար քառ կմ-ի մասին է խոսում նա, չէ՞ որ շատ ազգեր դեռ տարածքների պահանջ ունեն Ադրբեջանից, նրանց խնդիրնե՞րն էլ է ուզում Փաշինյանը լուծել, չէ՞ որ Ադրբեջան արհեստական պետությունը ստեղծվել է վրացիների, դաղստանցիների, հայերի, լազերի, թաթերի եւ այլոց հողերի հաշվին:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031