Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը, չնայած որոշակի չլուծված հարցերին, մոտենում է կարգավորման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը:
«Կան մինչ այժմ չկարգավորված հարցեր, բայց իմ կարծիքով, մենք այդ մասին խոսել ենք և՛ հայ, և՛ ադրբեջանցի գործընկերների հետ, դրանք կրում են զուտ տեխնիկական բնույթ»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ տեղի ունեցած բանակցությունները լավ նախաբան կդառնան Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը լուծելու համար:
«Մենք շնորհակալ ենք հերթական նման հանդիպումն անցկացնելու մեր առաջարկին օպերատիվ արձագանքելու համար, և ակնկալում եմ, որ սա լավ նախաբան կդառնա որոշ հարցերի գործնական լուծման համար, որոնց մասին մենք վաղուց խոսում ենք: Հենց մեր այսպիսի ձևաչափով հաջողվեց հասնել շատ բաների 2020թ. աշնանը: Ոչ միայն դադարեցվեցին ռազմական գործողությունները, այլ հետո էլ մեկնարկեց աշխատանք տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանազատման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Պուտինը նաև նշել է, որ Ալիևն ու Փաշինյանը հաղթահարելի են համարում բոլոր հարցերը: Ըստ նրա՝ չնայած դժվարություններին՝ իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ:
«Իմ և մեր տեսանկյունից, նկատի ունեմ մեր երեքի՝ նաև Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են: Մեծ հաշվով դրանք գոյություն չունեն: Դրանք զուտ տեխնիկական բնույթի հարցեր են»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ