Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր․ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դրա մի մասն են. Ֆիլիպ Ռիքեր. «Ամերիկայի ձայն»

Մայիս 26,2023 10:04

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար և Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն՝ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ, Կովկասյան հարցերով նախկին բանագնաց, դեսպան Ֆիլիպ Ռիքերը:

«Երկու առաջնորդները պետք է հանդիպեն և լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, հասկանան, թե որ ուղղությամբ են շարժվում և ինչ մտահոգություններ կան»,- ասում է Ռիքերը:

Նրա պնդմամբ, անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կստեղծի լայն հնարավորություններ՝ տարածաշրջանում առևտրի, էներգետիկ ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման համար:

«Օրինակ, տրանսպորտի առումով՝ այն կնպաստի այս կարևոր աշխարհագրական տարածաշրջանի զարգացմանը, որի միջոցով Կենտրոնական Ասիան կկապվի Սև ծովի հետ՝ ստեղծելով կարևոր առևտրային հնարավորություններ, որոնք տարածաշրջանում օգուտ կբերեն բոլորին»,- պնդում է նա:

Հարավկովկասյան այս երկարամյա հակամարտությունը ողբերգություն է՝ գտնում է Ռիքերը: Այն խլել է բազմաթիվ կյանքեր, պատճառել կորուստներ, տասնամյակներով չեզոքացրել զարգացման հնարավորությունները։ Ըստ նախկին դիվանագետի, միջազգային հանրությունը մեծ ջանքեր է գործադրում՝ կողմերի միջև երկարատև, կայուն խաղաղության հասնելու համար:

«Ինչպես տեսնում եք՝ պետքարտուղար [Բլինքենն] անձամբ հանձնառու է [առաջ մղել] գործընթացը: Նա աջակցում է նաև մյուսներին, օրինակ՝ կողմերի առաջնորդներին՝ համախմբելու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերը՝ հնարավորություն ստեղծելով [Հայաստանի ու Ադրբեջանի համար] առաջ շարժվել խաղաղ ճանապարհով»:

Ռիքերի փոխանցմամբ, իր պաշտոնավարման տարիներին հորդորել է կողմերին հետ քաշել զորքերը:

«Սահմանային՝ լեռնային շրջաններում երիտասարդ զինվորականները գտնվում են միմյանց շատ մոտ, որն անխուսափելիորեն հանգեցնում բախումների։ Ոչ ոք ոչինչ չի շահում։ Իսկ սահմաններն, իհարկե, պետք է սահմանազատվեն և սահմանագծվեն, և այն շարունակական գործընթացի մի մաս է»:

«Կառուցողական» որակելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ նախկին դիվանագետն ընդգծում է՝ խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր․ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դրա մի մասն են: Նա նաև կարևորում է Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցերը, որոնք, ըստ նրա, Բաքուն պետք է քննարկի վերջիններիս հետ: Նախկին դիվանագետը գտնում է, որ այս հարցում առկա է հնարավորություն առաջ շարժվել լավ հիմնարար խաղաղության համաձայնագրով՝ կենտրոնանալով իրականացման վրա:

«Դրանք կառուցողական հայտարարություններ են։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն: Մենք գտնվում ենք մի կետում, ուր, իրոք, առկա է խաղաղության և համաձայնագրի հասնելու հնարավորություն, և հենց դա է հիմնական տարբերությունը [նախորդ փուլերից]»:

Ռիքերը համաձայն չէ այն մոտեցմանը, որ այսօր Կովկասում ընթացող զարգացումները նման են ուկրաինական սցենարին: Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր առկա է ակտիվ և իրական գործընթաց, որին աջակցում է Միացյալ Նահանգները՝ ասում է բարձրաստիճան նախկին դիվանագետը՝ ընդգծելով, որ Ուկրաինան այլ պատմություն է:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031