Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղկատակության ժամանակը չէ

Մայիս 26,2023 10:00

Թող ոչ մեկի համար վիրավորական չթվա, բայց Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն, իմ կարծիքով, իրենց ելույթներով եւ վեճերով բավականին հեռու են այն լրջագույն մարտահրավերներից, որոնց առջեւ այսօր կանգնած է Հայաստանի Հանրապետությունը: Այն իրավիճակում, երբ բառիս բուն իմաստով կանգնած է հայկական պետականության լինել-չլինելու հարցը, կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրում ԱԺ-ն պետք է կարողանա տալ իրական, պահի լրջությանը համապատասխանող «արտադրանք»:

Հասկանալու համար, թե ինչ «արտադրանքի» մասին է խոսքը, պետք է հստակ գիտակցել, որ Ադրբեջանի հետ նոր պատերազմն անխուսափելի է: Եթե Փաշինյանը նույնիսկ հայտարարի, որ Հայաստանն Ադրբեջանի անբաժանելի մասն է, թշնամին, միեւնույն է, ցանկանալու է «զարգացնել հաջողությունը» եւ ամբողջությամբ վերացնել հայկական էթնոսն այս տարածաշրջանից: Քանի որ խոսքը բոլոր հայերի մասին է, քաղաքականությամբ զբաղվող եւ չզբաղվող, նիկոլական եւ քոչարյանական, «ներկա» եւ «նախկին», այստեղ որեւէ քաղաքական խրամատում դիրքավորվելը պարզապես ծիծաղելի է: Շարքային քաղաքացին կարող է ասել՝ «մեր Նիկոլն ամեն ինչ ճիշտ է անում, մենք թույլ ենք, մենք չենք կարող թուրքի հետ կռվել», բայց բարձրագույն օրենսդիր մարմնում հայտնված մարդիկ պետք է հասկանան (եւ, ի դեպ, կարծում եմ, մեծամասնությունը հասկանում է), որ պատերազմից խուսափելն անհնարին է:

Ի՞նչ «արդյունք» եմ ես ակնկալում խորհրդարանից: Այնպիսի օրենքներ եւ հայտարարություններ, որոնք կնպաստեն բանակի մարտունակության բարձրացմանը եւ հասարակության մոբիլիզացիային: Այնինչ ներկա Ազգային ժողովն ինձ հիշեցնում է դիլետանտ պատմաբանների ակումբ, որի նպատակն է քննարկել, թե 5 եւ ավելի տարի առաջ ՀՀ որ նախագահն ինչ է արել կամ ասել: Այդ հարցերը քաղաքական առումով բացարձակապես արդիական չեն, զուտ ակադեմիական հետաքրքրություն են ներկայացնում, եւ մասնագետների քննարկման առարկա են: Ի՞նչն է գործնական առումով փոխվում նրանից, որ 5, 10 կամ 30 տարի առաջ նախկին ղեկավարները ճի՞շտ բան են արել կամ ասել, թե՞ սխալ: Ավելի արդիական խնդիրներ չկա՞ն:

Խեղկատակությունը, լեզվակռիվները, քաշքշուկը, իհարկե, ցանկացած խորհրդարանի աշխատանքի անբաժանելի մասն են: Բայց նման շռայլություն կարելի է թույլ տալ սովորական, խաղաղ վիճակում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Երկու այլընտրանքներ կան միայն: Ընդդիմադիր լուրջ եւ ունակ ուժերը, կամ՝ միջոցը կը գտնեն վերջ դնելու այս վարչակարգին, կամ՝ լեզու կը գտնեն Փաշինյանի հետ, կը ջանան համագործակցիլ այս վարչակարգին հետ:

    Սակայն այդ առաջին այլընտրանքը չի կրնար երկարաձգուիլ, մինչեւ յաջորդ հերթական ընտրութիւնները: Եւ Փաշինյանը չի հրաժարիր, անկէ առաջ: Մինչ, չափազանց հաւանական է որ լայնածաւալ պատերազմի բռնկումը, տեղի կ’ունենայ անկէ առաջ:

    Աժի այդ – այժմ, վստահաբար ոչ կարեւոր – եւ անվերջանալի ելոյթներուն հիմնական նպատակը, Պատմութեան – եւ թերեւս Օրէնքի – առջեւ՝ անձերի անունները մաքրելն է: Երկու կողմերից: Կեղտոտելը, դրա հակադարձութիւնն է, ինքնապաշտպանական հակազդեցութիւնը:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Լավատես says:

    Մինչդեռ Պլատոնն ասում էր. «Պետություններն արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորներն աշխատում են, իսկ ստրուկները մնում են ստրուկ»։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/05/26/1343588/

    © 1998 – 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    Շատ լավ հոդված է, իսկ Պլատոնի գաղափարը մի քիչ ձեւափոխելով՝ շատ արդիական:
    Արդար համակարգը հարուստին ավելի հարուստ պետք է դարձնի, խելոքին՝ ավելի խելոք, ուժեղին՝ ավելի ուժեղ, ոգեղենին՝ ավելի ոգեղեն, սիրունին՝ ավելի սիրուն, սիրահարվածին՝ ավելի սիրահարված: Եւ ոչ մի բացասական ածական:
    Արդար համակարգը պետք է բուժի աղքատին, սա ֆինանսական հիվանդն է, անխելքին էլ պետք է բուժի, սա էլ է հիվանդություն, բոլոր բացասական ածականները հիվանդություններ են. առողջները՝ հարուստներն ու խելոքները, ուժեղներն ու ոգեղենները, սիրուններն ու սիրահարվածները իրենց ունեցած հարստությամբ ու խելքով, ուժով ու ոգով ու մնացած աստվածային շնորհքներով պետք է բուժեն մեր հիվանդներին: Մեր բոլոր բնագավառների առողջները պետք է իրար հետ միավորվեն եւ մեր ժողովուրդին դարձնեն իրենց նման: Մենք այնպիսի բարձունքների կհասնենք, որ Խոսքը փողից թանկ կդառնա, վստահությունն ու ինքնավստահությունը կդառնան կյանքի նորմ: Մենք մեր նորմավորված ռեյտինգային համակարգը պետք է ստեղծենք բոլոր բնագավառներում, հատկապես՝ ռազմավարական: Չկա չարիք՝ առանց բարիքի:

  3. Garo says:

    Պատերազմող երկրում ԱԺ ն ոչինչ չի կարա անի։
    Պետքա լինի պլոճիկով ղեկավար ով տոտալ մոբիլիզացիա կանի ու իրականում նեխած փթած ադրբեջանի պորտը տեղը կդնենք։

    Պատերազմը որ նոր էր սկսվել, Նիկոլը, Էլ կլասիկոն ու հարակից դատարկախոսները ԱԺ ում հավաքվել ջուր էին ծեծում, ռազմական դրություն մտցնելու թեմայով արդեն պարզ էր որ պատերազմը պարտվելու ենք։

    Էն որ ասում էր որ պարտվենք մեզ պարտված չենք ճանաչի։
    Այսինքն ինքն էլ գիտեր, որ պատերազմ հաղթող չի։
    ՈՒ տենց էլ ողջ պատերազմի ընթացքում աշխատելու փոխարեն ջուր էր ծեծում։ Մենակ մտածում ու մտածումա թե ոնց պարտությունը ուրիշի գրպանը քցի։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031