Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թե ինչպես է չոր կոդերի մասնագետը նաեւ արվեստ սիրում

Մայիս 26,2023 13:30

Մեր զրուցակիցը ծրագրավորող Արմեն Մարջինյանն է

– Արմեն, որպես ծրագրավորող՝ ինչպե՞ս կգնահատես ոլորտի վիճակը մեր երկրում. ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ մակարդակում ենք։

– Կարծում եմ՝ մեր երկրում տաղանդավոր ծրագրավորողների պակաս չկա: Առկա խնդիրները, ըստ իս, կապված են կրթության ոլորտի հետ, քանի որ երբեմն ծրագրավորում են դասավանդում մարդիկ, որ իրենք կարիք ունեն սովորելու, կամ էլ մարդիկ, որ գուցե հիանալի ծրագրավորողներ են, բայց չեն պատկերացնում կրթության կազմակերպման, դասավանդման առանձնահատկությունները: Միայն լավ ծրագրավորում իմանալը չի երաշխավորում լավ ուսուցիչ լինելը: Դասավանդման համար նաեւ այլ որակներ են անհրաժեշտ, մասնավորապես լավ զարգացած բանավոր խոսք, ստեղծագործ միտք, արագ կողմնորոշվելու կարողություն։ Ծրագրավորման եւ կրթության կազմակերպման ոլորտում երկար տարիների իմ փորձը հուշում է, որ եթե անձը անհրաժեշտ գույները չունի, ապա նա միշտ միջակ ուսուցիչ է լինելու լսարանում, ինչը, բնականաբար, ազդելու է կրթության որակի վրա:

– Երկու մասնագիտություններդ իրար չե՞ն խանգարում, թե՞ օգնում են։

– Եթե երկրորդ մասնագիտություն ասելով նկատի ունեք գրականագիտությունը, ապա նշեմ, որ մեկ տարի եմ սովորել արտասահմանյան գրականության ամբիոնում, որից հետո ժամանակավորապես ընդհատել եմ մագիստրոսական կրթությունս: Սակայն գրականությունը շարունակում է մնալ իմ մեծագույն հետաքրքրություններից մեկը, ուստի շարունակում եմ ընթերցել թե՛ գեղարվեստական գրքեր, թե՛ գրականագիտական աշխատություններ: Իհարկե, ինձ գրականագետ չեմ համարում, քանի որ չեմ ավարտել համալսարանն այդ մասնագիտությամբ, ամեն դեպքում կարող եմ ասել, որ գրականությունը թույլ է տալիս հասկանալ կյանքի մատրիցան։ Ըստ իս՝ պրոֆեսիոնալ ընթերցողը, այսինքն՝ ոչ թե նա, ով շատ գիրք է կարդում, այլ նա, ով կարողանում է հասկանալ տեքստի ներքին մոտիվներն ու թաքնված կոդերը,  վստահաբար գիտի ցանկացած իրավիճակում սպասվող ելքը:

– Խոսենք քո «JavaScript» եւ «React.js» գրքերի մասին։ Գիտեմ, որ բավականին շատ օրինակներ են վաճառվել։ Հետաքրքիր է` ինչո՞ւ որոշեցիր ստեղծել եւ օգնել ծրագրավորում սովորողներին։

– Գիրք գրելու մասին երազում էի դեռ դպրոցական տարիներից: «JavaScript»-ի գիրքը գրելուց ներքին վախ ունեի, որ գուցե որեւէ մեկին պետք չգա: Պատճառն այն էր, որ նման ծավալի մասնագիտական հայերեն գիրք մեր ոլորտում չկար: Կարծում եմ՝ հաջողության պատճառն այն էր, որ շատ սեր եմ ներդրել եւ անկեղծ մղումներով եմ գրել: Դրական կարծիքներ շատ եմ լսել գրքերի մասին, կարծում եմ, որ առաջիկա տարիներին նոր գրքեր նույնպես կլինեն: Ես մտադիր եմ «JavaScript»-ին հարակից հիմնական տեխնոլոգիաների (Angular, Vue, Node) մասին նույնպես գրքեր գրել: Բայց մինչ այդ, առաջիկայում սկսելու եմ աշխատել մի գրքի վրա, որը շատ օգտակար կլինի ծրագրավորմամբ հետաքրքրվող մարդկանց համար, ուղղակի այս պահին փակագծերը չեմ կարող բացել։

– Կարո՞ղ ենք ասել, որ մարդն ունենալով այդ երկու գիրքը՝  կկարողանա ինքնուրույն  սովորել ծրագրավորման լեզուն։

– Կան մարդիկ, որոնք կարողանում են ինքնուրույն հաղթահարել ծրագրավորում սովորելու ճանապարհը, սակայն հմուտ դասախոսի օգնությունը չի կարելի թերագնահատել։ Ամեն դեպքում, գրքերը կօգնեն ծրագրավորմամբ հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու, անկախ նրանից՝ սկսնա՞կ է, թե՞ որոշակի գիտելիքներ ունի։

– Նկատել եմ, որ արվեստը մեծ տեղ ունի քո կյանքում։ Ինչպե՞ս է սկսվել դեպի արվեստ տանող քո ճանապարհը։

– Ես այն երջանիկներից եմ, որ բանաստեղծ Հենրիկ Էդոյանի ուսանողը լինելու պատիվն է ունեցել։ Նա մեզ դասավանդում էր գեղագիտություն, ծանոթացնում էր փիլիսոփայական այն բոլոր դպրոցների հետ, որոնք քննել են գեղեցիկի, արվեստի հիմնահարցերը։ Նրանից սովորել եմ ամենակարեւորը՝ արվեստը մարդուն Աստծո հետ կապող լավագույն ճանապարհն է։ Իսկապես, երբ լսում եմ Բեթհովենի, Մոցարտի, Բախի ստեղծագործությունները, հասկանում եմ, որ նման բարձրակարգ երաժշտություն հնարավոր կլիներ ստեղծել միայն աստվածային գիտակցության շնորհիվ։ Այս իմաստով պետք է նշեմ, որ արվեստը, հատկապես սիմֆոնիկ երաժշտությունը, գրականությունը, չափազանց կարեւոր դեր ունեն իմ կյանքում։ Օպերային եւ բալետային արվեստի մեծ երկրպագու եմ։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում չկա այնպիսի մի ներկայացում, որը չեմ դիտել։ Մենք հրաշալի բալետային արտիստներ ունենք, տաղանդավոր երգիչներ եւ երաժիշտներ, որոնք չեն դադարում հիացնել։ Իսկ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ թատրոնը նոր շունչ է առել։

– Հիասթափություններ ունենո՞ւմ ես։

– Հիմնվելով քրիստոնեական արժեհամակարգի վրա՝ նախընտրում եմ սկսել սեփական աչքիս գերանից եւ շատ չդժգոհել դիմացինից։ Ամեն մարդ պետք է սկսի ինքն իրենից։ Մեր հիմնական խնդիրը կրթության նկատմամբ անլուրջ մոտեցումն է, եթե այս ոլորտում արմատական փոփոխություններ արվեն, եթե կրթությունը մեր երկրում դառնա բարձրագույն արժեք, ապա, վստահ եմ, մեզ ոչ մի վատ բան չի պատահի։

– Արմեն, Հայաստանից դուրս ապրելու մասին մտածո՞ւմ ես։

– Անկեղծ ասած՝ ոչ։ Ավելին, մտածում եմ ավելի խորն արմատներ գցելու մասին, ինչի ապացույցն այն է, որ ընդամենը մեկ ամիս առաջ եմ նոր բնակարան գնել։ Հուսով եմ, որ մեր երկրում, մեր տանը խաղաղ ապրելու եւ ստեղծագործելու երջանկությունը կտրվի մեզ։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031