Հավասարության գաղափարը բերեց նրան, որ կեղծ ժողովրդավարության շնորհիվ իշխանության եկած մեծամասնության՝ զանգվածների իշխանության արդյունքում հասարակական կյանքը գնալով ավելի շատ է դառնում կախված զանգվածներից, ինչը արժեքների խեղման ու քաղաքակրթության անկման հիմնական պատճառն է դարձել շատ երկրներում։ Իսկ ժողովուրդը դեգրադացվում ու դառնում է բարոյազուրկ, վերածվում է ամբոխի եւ ստրուկների բազմության այնտեղ, երկրներում, որտեղ արժանապատվորեն չեն առաջնորդում նրան, որտեղ իշխելու համար դարձնում են ծառայամիտ ու անսկզբունք, օտարում են պետությունից, իշխանությունից, չեն ուսուցանում անգրագետներին։ Իսկ երբ առաջնորդը նվիրյալ է ու ազնիվ, միջավայրը՝ արդար, ժողովուրդը՝ ուսյալ, ապա մարդիկ կլինեն հայրենիքի նվիրյալներ, իսկ ազգը կունենա քաղաքացիներ՝ արժանապատիվ, հայրենասեր եւ ուժեղ բնավորությամբ։ Հիմա մեզ, թե ներսից թե դրսից, հասցրել են դեգրադացման ու բարոյական խեղման, ասպարեզն էլ փողոցից եկածներն են գրավել ու երկիրը տանում են կործանման։ Այդ տեսակը, սակայն, մեր երկրի լիիրավ քաղաքացիներն են, մեր քույրերն ու եղբայրներն են։ Դա միաժամանակ մեր ազգային ողբերգությունն է, մեր ցավն է, որի միջավայրում ծնվում ու գլուխ են բարձրացնում բոլոր ստոր դրսեւորումները։ Իսկ այդ տեսակին մենք ենք ծնել ազգային արժեհամակարգը ապականելով, կրթությունը փլուզելով, ընտրությունները կեղծելով, ընտանիքը, եկեղեցին արժեզրկելով, ինչպես նաեւ սոցիալական անարդարության ու անարդար սեփականաշնորման արդյունքում։ Ամբոխին բնորոշ են պարզունակ ու ծայրահեղ սուբյեկտիվ զգացմունքները, նա ընդունակ չի լինում կրելու բարձր արժեքներ, օբյեկտիվորեն գնահատել երեւույթներն ու գործընթացները, գեներացնել առաջադիմական մտքեր։ Նա տեղյակ չի լինում եւ չի գիտակցում իր գործողությունների հետեւանքները, նա վերածվում է կամակատարի, որը չունի սեփական կարծիք: Ամբոխը կտրվում է իրականությունից, ապրում է պատրանքներով՝ վախկոտին էլ կարող է հերոսի վերածել, հիմարին՝ խելոքի, անհավատին՝ հավատացյալի, ազնիվ մարդուն՝ հանցագործի։ Իրենց խնդիրներից հոգնած ամբոխը հրաժարվում է պայքարից, դառնում է կամազուրկ եւ բնազդաբար ձգտում է ստրկության ու ինքնաոչնչացման: Ամենեւին ոչ պատահականորեն 90-ական թվականներից հայ արժանապատիվ ժողովուրդը օտարների եւ հայ դավադիրների ջանքերով կամաց-կամաց վերածվեց ստրկամիտ ամբոխի, այնպես այլասերվեց, որն առանց դիմադրության կգնա ինքնակործանման ու ինքնաոչնչացման։
«Ամբոխը երբեք չի ձգտել ճշմարտության. նա երես է թեքում ակնհայտից, այն ամենից, ինչն իրեն դուր չի գալիս եւ նախընտրում է երկրպագել մոլորությանը, եթե այն գայթակղիչ է: Նա, ով գիտի, թե ինչպես մոլորեցնել ամբոխին, հեշտությամբ դառնում է ամբոխի տերը. իսկ ով ձգտում է խելքի բերել՝ միշտ ամբոխի զոհն է դառնում»,- ասել է ֆրանսիացի բժիշկ, մարդաբան եւ հոգեբան Գյուստավ Լը Բոնը։ Երբ մարդը հայտնվում է ամբոխի կարգավիճակում, կամային եւ ինտելեկտուալ ցածր մակարդակի պատճառով նրանց ղեկավարում են ոչ թե բանականությունը, այլ ավերիչ բնազդները։ Նրանց մոտ նկատվում է խելամտության, սիրո, երախտագիտության, խոհեմության, հավատարմության, պատասխանատվության, ինքնուրույնության պակաս, ինչի արդյունքում անհետանում է անհատականությունը՝ եսը, որպես այդպիսին։ Ամբոխը կարող է հաջողությամբ հեղափոխություն իրականացնել, բայց նա չի կարող հետհեղափոխական արդյունավետ կառավարում իրականացնել, ստեղծագործական աշխատանքով, արարչությամբ զբաղվել։ Չցուցաբերեցինք քաղաքական հասունություն ու լրջություն, իշխանության բերեցինք ամբոխի ներկայացուցիչներին եւ հիմա պտուղները վայելում ենք, ականատեսն ենք լինում նրանց կողմից ամենաանմարդկային ու ցածրագույն արժեքների դրսեւորումներին։ Մեր խելքից հայտնվել ենք խղճուկ վիճակում եւ անճարության զգացումով լռելյայն հետեւում ենք հայոց պետականության վախճանին եւ Հայաստանի ու Արցախի կորստին։ Իսկ մեր ողբերգությունը ամենեւին ստեղծված օրհասական վիճակը չէ, այլ ստրկության, թշվառության, ազգային խայտառակության ու պարտության հետ հաշտվող՝ զանգվածն է։ Իրերն էլ իրենց անունով է պետք կոչել եւ միամտություն է կարծել, թե զանգվածները կընդվզեն իրենց իսկ բերած իշխանության դեմ, իրենց նմանի դեմ։ Ամենեւին ոչ պատահականորեն 2021թ. երկիրը պարտության տարածներին, աղետ ու կորուստներ բերած ազգուրաց իշխանություններին զանգվածները նորից բերեցին իշխանության։ Թեպետ նրանք շատ լավ գիտակցում են, որ իրենց իսկ կողմից փողոցից բերած ամբոխավարները, որոնք ազգի փրկիչ էին ձեւանում, սեր, համերաշխություն, բարեկեցություն ու արդարություն էին խոստանում զանգվածներին, իրականում սրիկաներ, խաբեբաներ ու ավանտյուրիստներ են եւ կործանման են տանում երկիրը։ Իսկ ժողովրդական իմաստությունն էլ փաստում է, որ սոված շան ձեռքից շատ դժվար է ոսկոր խլել։
«Միակ բանը, որը կարող է մեզ ուղղորդել դեպի վեհ մտքեր եւ գործողություններ, մեծ եւ բարոյապես մաքուր անհատների օրինակն է»,- ասել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական գործիչ Ալբերտ Էյնշտեյնը: Ապագա չի կարող ունենալ մի երկիր, ժողովուրդ, որտեղ չեն մեծարում արժանիներին, հարգալից ու բարյացակամ չեն վերաբերվում ազգի ընտրանուն՝ նվիրյալներին, ուսուցանողներին, հերոսներին, հեղինակություններին ու մեծերին, որտեղ ժողովուրդը պատրաստ չէ տեր կանգնել իր մտավորականությանը, տաղանդներին, հերոսներին ու մեծերին, որտեղ ընդհակառակը՝ իշխանությունների մակարդակով հեգնում են ու ծաղրում են ընտրանուն: «Մի՞թե, իսկապես, կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան, որ աշխարհի առաջընթացը ոչ թե առանձին անհատների ինտելեկտի, այլ մեծամասնության ուղեղի արգասիքն է: Պետք է հիշել եւ չմոռանալ. մեծամասնությունը չի կարող փոխարինել անհատին: Մեծամասնությունը ոչ միայն հիմարության, այլ վախկոտության ներկայացուցիչն է: Մեկտեղեք հարյուր հիմար եւ դուք ոչ մի կերպ չեք ստանա ոչ մի խելոք:
Բոլորեք հարյուր վախկոտ եւ արդյունքում ոչ մի ձեւով չեք ստանա հերոսական լուծում», ասել է 20-րդ դարի մեծագույն ամբոխավար, ավանտյուրիստ Ադոլֆ Հիտլերը։
«Մեծ մարդու կյանքը ուրախ պար չէ, այլ ճակատամարտ եւ արշավ, պայքար տիրակալների եւ ամբողջ թագավորությունների հետ: Նրա կյանքը ուխտագնացություն է շոգ անապատներով, ձյունով ու սառույցով պատված երկրների միջով։ Նա թափառում է մարդկանց մեջ. նա սիրում է նրանց մի անբացատրելի, քնքուշ սիրով՝ միախառնված կարեկցանքի հետ, սիրով, բայց նրա հոգին ապրում է մենության մեջ, արարչագործության հեռավոր շրջաններում։ Նրա տեղը երկնքի աստղերի մեջ է։ Նա չի փնտրում ձեր պարգեւները, չի վախենում ձեր պատիժներից։ Անգամ եթե նրան սպանեցիր, ոչնչի չես հասնի։ Նրա ուժը, ի բարեբախտություն մեզ, բաղկացած է արդարության, քաջության եւ կարեկցանքի այն հանրագումարից, որ ապրում է նրա մեջ: Նրա սիրտը, նրա մտքերը սրբավայր են բոլոր դժբախտների համար, իսկ առաջընթացը հավերժ երաշխավորված է», գրել է 19-րդ դարի անգլիացի պատմաբան եւ փիլիսոփա Թոմաս Կարլեիլը։ Զանգվածը առանձնակի արժանիքներ չունեցող մարդկանց բազմությունն է, իսկ փոքրամասնությունն օժտված է յուրահատուկ հատկանիշներով ու որակներով։ Մեծերն են կերտում պատմություն ու երկրի ապագան, ապահովում պետության առաջընթացը, իսկ այն երկրները, որտեղ երախտամոռ են իրենց մեծերի նկատմամբ եւ ըստ արժանվույն չեն գնահատում իրենց տաղանդներին, նվիրյալներին, զորավարներին ու բարերարներին, պարզապես վերածվում են հետամնաց գաղութների:
Կարդացեք նաև
Ո՞վ կիմանար հայի ու Հայաստանի տեղը, եթե մենք Տիգրան Մեծ, Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս, Նժդեհ, Հովհաննես Բաղրամյան, Արամ Խաչատուրյան, Վիկտոր Համբարձումյան, Տիգրան Պետրոսյան ու նման շատ հայտնիներ չունենայինք ու ըստ արժանվույն աշխարհին նրանց չներկայացնեինք: Իսկ ազգերը, ժողովուրդներն աշխարհին ներկայանում են իրենց գիտության, մշակույթի, ռազմարվեստի ոլորտի հայտնիների, հերոսների ու սպորտի, բիզնեսի ականավոր գործիչների միջոցով: «Ցածր ազգերը ոչնչացնում կամ թունավորում են իրենց իմաստուններին, իսկ իրենց խելագարներին թողնում են ազատ թափառել եւ մեռնել փողոցներում: Իմաստուն ժողովուրդները հնազանդվում են առաջինին, զսպում են երկրորդին եւ սիրում են բոլորին», ասել է 19-րդ դարի անգլիացի նշանավոր գրող Ջոն Ռեսկին: Քաղաքակրթության բոլոր ձեռքբերումներն էլ, անշուշտ, էլիտայի ստեղծագործական մտքի ու գործունեության արգասիքն են։ Ամբոխը հաճույքով վայելում է ընտրանու ձեռքբերումները, բայց չի սիրում իրենից վեր բարձրացողներին, եւ հենց վերջիններս են դառնում ամբոխի զոհը։ Նրանք հաճույքով կարող են հեղինակազրկել, նվաստացնել, վարկաբեկել հզոր ու արժանավոր մարդկանց, գլխատել ազգի ընտրանուն, վրեժխնդիր լինել նրանցից իրենց անճարության, իրենց չստացված ճակատագրի համար, պառակտել հասարակությանը։
Մինչդեռ Պլատոնն ասում էր. «Պետություններն արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորներն աշխատում են, իսկ ստրուկները մնում են ստրուկ»։ Այդպես էլ մեզանից շատերը դեռ չհասկացան, որ պետություն կառավարելը մեծագույն արվեստ է, որ զանգվածը չի կարող իշխանություն ձեւավորել, պետություն ղեկավարել։ Իսկ մեր պապերն ավելի իմաստուն էին եւ երբ համայնքի ղեկավար՝ քյոխվա էին ընտրում միայն համայնքի իմաստուններն ու հեղինակություն վաելող մարդիկ, ովքեր մանրակրկիտ ձեւով մի քանի պորտ ուսումնասիրում էին ապագա ղեկավարի ծագումը, ընտանիքը, մարդկային ու կազմակերպչական որակները։ Իսկ զանգվածները՝ ամբոխը, ում հոգու սնունդը ստորությունն է, նախանձը, ատելությունն ու չարությունը, որպես կանոն, ձեւավորում են ատելության ու չարության կառավարություններ։ Ըստ էության, մեր հայրենիքը, պետությունը եւ հայ ժողովուրդը դարձան Նժդեհի ասած ազգի տականքի՝ ցածր զանգվածների, ստոր հոգիների, չլուսավորված բազմության, նրանց մութ բնազդների, մոլորության, նրանց ավերիչ ատելության ու ցասումի զոհը։
«Փոքր մարդիկ միշտ չափազանց փոքր են մեծ ու բարի գործերի համար, սակայն նրանք մեծ են եւ միշտ փափագում են փոքր եւ ստոր արարքների համար»,- ասել է ամերիկացի փիլիսոփա եւ հասարակական գործիչ Ջուլիանա Վիլսոնը: Իսկ այդ տեսակի դեմ պետք է անհաշտ ու հետեւողական պայքար տանել նրան վերադաստիարակելու միջոցով, ատելությունը, չարությունն ու դավաճանությունը, անհանդուրժողականությունը, խստագույնս պատժելու, պախարակելու եւ մերժելու միջոցով։ Ելքը միաժամանակ արդարության, վստահության, սիրո ու համերաշխության մթնոլորտի ստեղծումն է։ Հիմա անմտություն է հույս կապել այդ մոլորյալ, անհայրենիք, անբովանդակ, անտարբեր, դժգոհ, հուսահատ ու ստրկացված զանգվածի հետ, նրանց համար միեւնույն է, թե ում ստրուկը կլինեն, հիմա փրկությունը հայ ժողովրդի առաջադեմ մասի, նրա նվիրյալների համերաշխության ու միավորման մեջ պետք է փնտրել, ում համար թանկ է ազգային ու մարդկային արժանապատվությունը, ազատությունը, հայրենիքն ու պետականությունը։ Իսկ այդպիսիք, բարեբախտաբար, շատ կան։
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու
«Առավոտ» օրաթերթ
25.05.2023
Շատ լավ վերջաբան է՝ «Հիմա անմտություն է հույս կապել այդ մոլորյալ, անհայրենիք, անբովանդակ, անտարբեր, դժգոհ, հուսահատ ու ստրկացված զանգվածի հետ, նրանց համար միեւնույն է, թե ում ստրուկը կլինեն, հիմա փրկությունը հայ ժողովրդի առաջադեմ մասի, նրա նվիրյալների համերաշխության ու միավորման մեջ պետք է փնտրել, ում համար թանկ է ազգային ու մարդկային արժանապատվությունը, ազատությունը, հայրենիքն ու պետականությունը»:
Այժմ շատերն են հասկանում սրա կարևորությունը, բայց նվիրյալների համերաշխության ու միավորման համար նախաձեռնողներ ու կազմակերպիչներ են պետք, որոնք ասպարեզում դեռ չեն երևում: Մեր նվիրյալներն էլ իրենց հերթին պետք է հրաժարվեն «թող մյուսները միավորվեն իմ շուրջը, ես էս երկրի համար մեծ վաստակ ունեմ» տիպի ինքնահավան մտածելակերպից: