Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ կարող է լինել ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականի ու դրան նախորդած գաղտնալսումների միջեւ

Մայիս 25,2023 23:15

Միջազգային հետազոտական խմբի կողմից նույնականացված Հայաստանում գաղտնալսման 12 զոհերից մեկը՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պատմում է, որ իր հեռախոսի նկատմամբ հարձակումը տեղի էր ունեցել  2021 թվականի մայիսի վերջերին:

«Այն ժամանակ, երբ մենք ակտիվորեն նախապատրաստվում էինք ընտրությունների վերահսկման կոմիտեն ձեւավորելու ու հունիսի 20-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները վերահսկելուն: Դա այն ժամանակն էր, երբ ես զբաղվում էի բացառապես ներքին հարցերով: Այդ ժամանակահատվածում, իմ պատկերացմամբ,  տրամաբանական է ենթադրել, որ ավելի շատ հետաքրքրում էի Հայաստանի իրավապահներին, այլ ոչ թե Ադրբեջանի: Կարծես թե ոչ ուղղակի, բայց հետազոտությունը հակված է ավելի շատ այդ վարկածին: Կոնկրետ իմ պարագայում, հաշվի առնելով ժամանակահատվածը՝ այդ ժամանակահատվածում Արցախի ուղղությամբ որեւէ ակտիվություն չէի իրականացնում, այլ ամբողջապես կենտրոնացած էի Հայաստանի օրակարգի վրա, դրանից հետեւություն կարելի է անել»,-Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ Թվային իրավունքների պաշտպանության Access Now խումբը, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, կանադական Citizen Lab-ը, հայկական թվային պաշտպանության CyberHUB-AM խումբը և անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանը համատեղ աշխատանքի արդյունքում հաստատել են առնվազն 12 դեպք, երբ իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագիրն օգտագործվել է հայ պաշտոնյաների, լրագրողների և այլ անձանց դեմ։

Գաղտնալսման մյուս զոհերի ցանկին, Մելիքյանն ասաց՝ այսօր է ծանոթացել. «Հայտնի դարձավ այսօր, մինչ այս տեղեկություն չունեի մյուս անձանց մասին: Շատ տարօրինակ ինձ թվաց նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին գաղտնալսելը: Այն ժամանակահատվածը, որ հետազոտությունում նշված էր, իր պարագայում՝ 2022 թվականի վերջերը, փաստորեն դրանից երկու, երեք ամիս անց նա հրաժարական տվեց: Արդյոք գաղտնալսման ու հրաժարականի միջեւ կապ կա, չեմ կարող ասել: Քրիստինե Գրիգորյանի հրաժարականը շատ տարօրինակ էր եւ այդպես էլ հանրությանը չներկայացվեց արժանահավատ վարկած, թե ինչու մեկ տարի հետո այդքան կարեւոր պաշտոն զբաղեցնող անձը հրաժարական ներկայացրեց»:

Մելիքյանը նկատեց, որ գաղտնալսման այս գործընթացում ներգրավված են տարբեր կողմեր. «Առաջին հերթին այդ գաղտնալսող ծրագրի ստեղծողը, որը իսրայելական կազմակերպություն է: Պետք է պարզել ու արդյոք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկո՞ւմ են, թե ում է վաճառել այդ ծրագիրն այդ կազմակերպությունը, ինչ պայմաններով է վաճառել, արդյոք Ադրբեջանին կամ Հայաստանին վաճառե՞լ է եւ այլն: Ըստ հետազոտության՝ Ադրբեջանն առնվազն գաղտնալսման ուղղությամբ քայլեր ձեռնարկել է, թեեւ չեն բացառում նաեւ հայկական վարկածը: Իմ կարծիքով, չի բացառվում նաեւ երկու վարկածները միաժամանակ, երկու երկրներն էլ ձեռք են բերել, երկուսն էլ օգտագործել են: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի պրոադրբեջանական քաղաքականությունը՝ չեմ բացառի նաեւ համագործակցության վարկածը: Երբեք չէի մտածի, որ հայկական հատուկ ծառայությունը կարող է  նման քայլի դիմել, բայց հիմա ես ոչնչից չեմ զարմանա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031