Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Տիգրան Աթանեսյան․ «Ներկայացման եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ նմանություն, ընդհանրություն փնտրելը նման է քաղաքակրթական անդունդի կամ դիտավորյալ չիմացության»

Մայիս 25,2023 22:40

Ավան Նոր Նորք առաջին ատյանի դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ կայացավ Նարեկ Մալյանի նկատմամբ հարուցված «Չաուշեսկուի դատավարությունը բեմադրելու գործով դատական նիստը։

Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իր վստահորդի նկատմամբ հարուցված այս քրեական հետապնդումը կրում է բացահայտ քաղաքական բնույթ եւ որեւէ շաղկապվածություն չունի իրավաբանության եւ իրավական գիտության հետ։ «Դրա սկզբնական պատճառները իմ վստահորդի՝ պաշտպանյալի, հասարակական-քաղաքական գործունեությունն է, հրապարակավ հայտնած կարծիքները։ Եվ այս քրեական հետապնդման միակ նպատակը իմ վստահորդին լռեցնելն է՝ խախտելով նրա բոլոր վերաբերելի սահմանադրական, պրոֆեսիոնալ եւ  օրենքներով նախատեսված իրավունքներն ու ազատությունները։ Գործի քաղաքական շարժառիթները ակնհայտ երեւում են դատավարական փաստաթղթերում։ Քաղաքական հետապնդումը կարող է շղարշվել, ասենք, հայրենիքի դավաճանության մեղադրանքով, պարզապես, հնարած քրեական հետապնդումով, քրեորեն պատժելի որեւէ արարքով»,-ասաց Տիգրան Աթանեսյանն ու անմիջապես անցավ իր ասածի հիմնավորմանը։

«Մեղադրական եզրակացության նկարագրական մասում քննիչը գրել եւ դատախազը հաստատել է, որ Հայաստանում հետպատերազմական իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա են եղել տրամադրություններ, իսկ թե ինչպիսի, նշված չէ, եւ սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակ, որից իբր օգտվել է իմ պաշտպանյալը։ Այսինքն, հասարակական, սոցիոլոգիական, հոգեբանական  երեւույթ, որը կարող է եւ չլինել, կարող է եւ վիճարկվել։ Այսինքն, մենք գնում ենք այլ գիտությունների ասպարեզ, որի գնահատականը տվել է Երեւան քաղաքի քննչական վարչության ոչ շարքային քննիչը։ Որտեղի՞ց քննիչին այդ գիտելիքները, ինչի՞ց որոշեց քննիչը կամ ի՞նչ իրավունք ունի քննիչը որոշելու։ Դա չի մտնում նրա լիազորությունների մեջ։Այդ երբվանի՞ց են իրավաբանները որոշում, որ երկրում առկա է որեւէ սոցիալական իրավիճակ, երբ այդ փաստը չի հաստատվում այլ աղբյուրներից, հաստատություններից կամ իրավասու մարմիններից»,-ասաց փաստաբանը։

Այնուհետեւ, Տիգրան Աթանեսյանն անցավ ներկայացվող մեղադրանքներին։  2021 թվականի հունվարի 7-ին եւ հունվարի 11-ին Նարեկ Մալյանի արած գրառումներն ընթերցելով՝ Տիգրան Վրթանեսյանը ընդգծեց, որ դրանցում չկա կոնկրետ բռնության կոչ, չկա հասցեատեր եւ բռնություն էլ տեղի չի ունեցել ու դա ընդամենը գնահատական, զգուշացում է։

Մեղադրանքի երկրորդ մասը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված խմբի կազմում բռնություն գործադրելը արդարացնելու նպատակով «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ներկայացմանը։ «Այսինքն, մեղադրողը ընդունում է, որ խոսքը ստեղծագործության մասին է։ Մինչդեռ,  օրենքի նախորդ տարբերակը ստեղծագործության մեջ բռնության կոչի նմանվող արտահայտությունները որպես այդպիսին չէին դիտարկվում։

Ըստ փաստաբանի, ներկայացման եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ նմանություն, ընդհանրություն փնտրելը նման է քաղաքակրթական անդունդի կամ դիտավորյալ չիմացության ու հիմնավորեց իր խոսքերը նրանով, որ սպանության մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Չաուշեսկուն եւ նրա տիկինը՝ Ելենան, գնդակահարվել են Ռումինիայի դեռեւս Սոցիալիստական Հանրապետության արտակարգ տրիբունալի վճռով, դատավճիռը ուժ մեջ է մտել հրապարակման պահից եւ դատավճիռը մինչ օրս օրինական ուժ մեջ է։

Տիգրան Աթանեսյանը դատարանին դիմեց իր պաշտպանյալին ամբողջությամբ արդարացնելու միջնորդությամբ։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 30–ին, ժամը 16:00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031