Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը տեղեկացրեց, որ գնաճի ցուցանիշը 2023 թվականի ընթացքում սկսել է նվազել։ «Կենտրոնական բանկը տոկոսադրույքների աճի քաղաքականությունը շարունակեց, ինչի արդյունքում 2023 թվականին արդեն տեսանք, որ գնաճը սկսեց նորից նվազել։ Վերջին գնաճի թիվը, որը հրապարակվել է, եղել է 3․2 տոկոս, հետեւաբար, մենք արդեն շատ ավելի լավ տեղում ենք գտնվում գնաճի տեսանկյունից»,- ասաց նա։ Նուրբեկյանի խոսքով՝ պարենային գներն էապես նվազել են, եւ հայաստանյան գնաճի նվազումը հենց դրանով է պայմանավորված։ Մյուս կողմից, Հայաստանում ծառայությունների ոլորտում դեռ կա բարձր գնաճ, ինչը փաստում է, որ առկա է շատ մեծ պահանջարկ։
«Կենտրոնական բանկը գնահատում է, որ 2022 թվականի ընթացքում ֆինանսական հոսքերի արդյունքում Հայաստանի Հանրապետության պոտենցիալը որոշակի աճել է։ Եթե մենք նայենք ՀՀ-ում ոչ ռեզիդենտ գրանցված աշխատակիցների քանակը, ունեցել ենք մոտ 200 տոկոս աճ։ Եվ եթե նայում ենք նրանց միջին աշխատավարձը, 4 անգամ ավելի է, քան ՀՀ միջին աշխատավարձը։ Դա վկայում է, որ հիմնականում ունեցել ենք բարձր որակյալ աշխատուժի ներհոսք»,- հավելեց նա։
Ըստ նրա՝ ՀՀ ԿԲ-ն այսօրվա դրությամբ կանխատեսում է, որ գնաճը շարունակելու է նվազել։ «Միաժամանակ մեր խորհուրդը գտնում է, որ պետք է լինենք շատ ուշադիր եւ հասկանանք, թե գնաճի նվազման իրական պատճառները որոնք են եւ համոզված լինենք, որ մենք զերծ ենք մնում որեւէ տնտեսական գերտաքացումներից, ինչը մեզ թույլ կտա, որ ունենանք կայուն ու երկարաժամկետ տնտեսական աճ։ Մենք սպասում ենք, որ այս տարվա վերջին կունենանք մոտ 3 տոկոս գնաճ»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ