Հայաստանում առաջին անգամ, հունիսի 17-ին Դիլիջանում, «Միմինո» ֆիլմի խորագրի ներքո անցկացնելու է հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղեկացրեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նրա խոսքով, փառատոնն անցկացվելու է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:
«Դեռ 2019 թվականից ենք զբաղվել այս հարցով: Նպատակ ունեինք ստեղծել մի հարթակ, որտեղ մեր հարևան վրացիների հետ հնարավորություն կունենանք երկխոսել մշակութային ժառանգության հարցերի շուրջ, միմյանց ներկայացնել մեր մշակույթը, խոհանոցը՝ ստեղծելով տարածաշրջանային պրոդուկտ: Կորոնավիրուսը խանգարեց մեր ծրագրերի իրականացմանը, սակայն այս տարի Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ մենք այդ ծրագիրը կյանքի կկոչենք»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:
Փառատոնը նվիրվելու է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեի հիշատակին: Ակնկալվում է, որ վրացական կողմի հրավերով Թելավիում կանցկացվի հաջորդ փառատոնը և կնվիրվի նշանավոր հայ դերասան, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանին:
Կարդացեք նաև
Հայկական և վրացական ուտեստների գոտում մասնակից թիմերը կներկայացնեն երկու երկրների ուտեստներն ու խոհարարական ավանդույթները: Փառատոնն ունենալու է նաև մրցութային մաս:
«Մինչ հիմնական ծրագրի մեկնարկը` մասնակից թիմերը մրցութային հանձնաժողովին կներկայացնեն իրենց պատրաստած խոհարարական արտադրանքը, փառատոնային օրվա վերջում կամփոփվեն մրցույթի արդյունքները և հաղթողներին կշնորհվեն պարգևներ հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահաղացում» և իհարկե գլխավոր մրցանակ»,-ասաց Սեդրակ Մամուլյանը՝ հավելելով, որ ամռանն էլ նախատեսվում է հայ-իրանական փառատոնի անցկացում:
Երեք տարվա դադարից հետո վերադառնում է «Ոչխարների խուզման» փառատոնը, տեղեկացրեց փառատոնի համակարգող Ալլա Ղազարյանը: «Այս տարի փառատոնն անցկացվելու է Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում, փառատոնը 7-րդն է, և նման փառատոնների կազմակերպումը մարզերում շատ կարևոր է տուրիստական պրոդուկտը դիվերսիֆիկացնելու, մարզերում զբոսաշրջային հոսքեր ապահովելու համար: Փառատոնը նպատակ ունի նաև տեսանելի և ճանաչելի դարձնել Սյունիքի մարզի տեղական մշակույթը, տեղական արտադրանքը, ավանդույթները, հնարավորություն ընձեռելով տեղի բնակիչների որոշակի եկամուտ ձևավորել»,-ասաց նա՝ հավաստիացնելով, թե այս տարի փառատոնի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա ռուսների շրջանում:
«Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի նախագծերի ղեկավար Անի Դավթյանն էլ տեղեկացրեց, որ հունիսի 24-25-ին տեղի է ունենալու «Սարերում, իմերսիվ» փառատոնը, որ նվիրված է Սյունիքի պատմությանն ու լեգենդներին: Փառատոնը տեղի է ունենալու Տաթև վանական համալիրի մոտ, ինչպես նաև «ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր և Տաթև կայարանների մոտ:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ