Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են թանկացել ջրի սակագինը, էլցանցի միացման վճարները․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը

Մայիս 25,2023 17:37

Ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը։

Թեկնածուն իր ելույթում անդրադարձավ խմելու ջրի սակագներին։ «Նպատակ ունենալով հաստատուն պահել խմելու ջրի սակագները՝ կառավարության հետ համագործակցության շրջանակներում քանիցս լրամշակվել է «Վեոլիա ջուր» ընկերության կնքված խմելու ջրի համակարգերի վարձակալության պայմանագիրը։ Ցավոք, նախորդ տարի գնաճը, որը սակագնի ճշգրտման գործոններից է, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում կանխատեսվածից շատ ավելի բարձր էր, որի հետեւանքով անհրաժեշտություն առաջացավ բարձրացնել սակագները։ Սակայն կառավարության նախաձեռնությամբ այդ թանկացման բեռն իր վրա վերցրեց պետությունը, որի արդյունքում սակագինը մնաց անփոփոխ։ Սակագների վրա ազդեցություն ունեցող կարեւոր գործոններից է ներդրումների բաղադրիչը։ Ստեղծված են նպաստավոր պայմաններ կարգավորող անձանց հետ ներդրումների իրականացման համար։ Ներկայում ներդրումային մեծածավալ ծրագրեր են իրականացնում գրեթե բոլոր խոշոր կարգավորող ընկերությունները»,- ասաց նա։

Ըստ Աղինյանի՝ վերջին երկու տարիներին էներգետիկայի ոլորտում, նախնական տվյալներով, իրականացվել են շուրջ 330 մլրդ դրամի ներդրումներ։ Ըստ բանախոսի՝ հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից իրականացվող մեծածավալ ներդրումային ծրագրերը, տեխնիկական աուդիտ է իրականացվել նաեւ այս ընկերության մոտ։ Նա անդրադարձավ այս օրերին քննարկվող այն հարցին, որը վերաբերում է էլեկտրական ցանցին միացման վճարներին, որոնք բարձրացրել են։ «Վերջին տարիների ընթացքում նոր միացումների պատկերը կտրուկ փոխվեց, դիմումների թիվը գրեթե եռապատկվեց, որի արդյունքում ՀԷՑ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը նույնպես աճեց։ Մյուս կողմից, վերջին տարիների գնաճը չարտացոլվեց միացման վճարներում, որի արդյունքում միացման ծախսերի բեռն առավելապես ընկավ ՀԷՑ-ի կողմից իրականացվող ներդրումային վճարի վրա։ Եվ, վերջապես, հաշվի առնելով միացման վճարի բավական ցածր մակարդակը, սկսեցին դիմել նաեւ այն մարդիկ, որոնք էլեկտրամատակարարման պահանջարկ չունեին։ Վերջին 5 տարիների ընթացքում միացված բաժանորդների ավելի քան 30 տոկոսը 2021 թվականին էլեկտրաէներգիայի սպառում չի ունեցել։ Արդյունքում՝ օգուտները, որոնք ակնկալվում էին սպառման ծավալների աճով պայմանավորված, չստացվեցին։ Ներդրումային ծրագրում միացման ծախսերի ծավալի մեծացմանը զուգահեռ սկսեցին թերակատարվել ներդրումային ծրագրերի մյուս ուղղությունները։ Այս խնդիրները հաշվի առնելով՝ հանձնաժողովը վերանայեց միացման վճարները՝ դրանք համապատասխանեցնելով շուկայական ներկայիս գներին։ Նոր միացման վճարներն ուժի մեջ մտան այս տարվա ապրիլի 1-ից»,- ասաց նա։ Արդյունքում, ըստ Աղինյանի, գործող սպառողները չեն վճարի նոր սպառողների միացման համար, իսկ ՀԷՑ-ում կառաջանան միջոցներ՝ իր ներդրումային ծրագրի մյուս ուղղությունները ֆինանսավորելու համար։

Բանախոսը կարեւորեց նաեւ 2018 թվականից էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման բարեփոխումները։ Ըստ այդմ՝ 2022 թվականից Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգն ամբողջական կարգավորվող մոդելից անցում կատարեց շուկայականի։ Սերգեյ Աղինյանի խոսքով՝ բարեփոխման ներդրման հիմքում առաջին հերթին դրված է մենաշնորհը մրցակցությամբ փոխարինելու կոնցեպտը։ Այսինքն՝ բարեփոխման արդյունքում պատմական բնական մենաշնորհային համարվող էներգետիկայի բնագավառում էլեկտրաէներգիան՝ որպես ապրանք, առանձնացվում է բանական մենաշնորհային ծառայությունից ու դառնում մրցակցային առեւտրի առարկա։ 2022 թվականի փետրվարի մեկից շուրջ 1 մլն սպառողի տրված է իրավունք՝ ինքնուրույն ընտրել իր մատակարարին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031