Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի արտաքին գործերի նախարարը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին

Մայիս 25,2023 17:20

Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, որում ներկայացրել է ԱՀ կառավարության մտահոգություններն Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգների կապակցությամբ։

Նամակում, մասնավորապես, նշվել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է տարածում Արցախում իբր ապօրինի ռազմական գործունեության, սպառազինության տեղափոխման վերաբերյալ՝ այդպիսով փորձելով արդարացնել Արցախի ժողովրդի դեմ սեփական անօրինական գործողություններն ու հնարավոր նոր հարձակումները, ինչպես նաև զինաթափել Պաշտպանության բանակը՝ արցախցիներին զրկելով ինքնապաշտպանվելու հնարավորությունից։

Ընդգծվել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը տասնյակ նոր ռազմական օբյեկտներ է կառուցել Արցախի օկուպացված տարածքներում՝ այնտեղ տեղակայելով հազարավոր զինծառայողներ, ինչպես նաև կանոնավոր կերպով անց է կացնում զորավարժություններ, իր զինանոցը համալրում գլխավորապես հարձակողական զինատեսակներով՝ անտեսելով սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմները։

Նամակում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Արցախի ավելի քան 5 ամիս շարունակվող շրջափակմանը և դրա հումանիտար և անվտանգային հետևանքներին, այդ թվում՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրմանը՝ ի խախտումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի որոշման։ Այս համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանի անօրինական նկրտումներին աջակցող ցանկացած գործողություն կամ հայտարարություն այդ երկրի ղեկավարության կողմից ընկալվում է որպես Արցախի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված իր քաղաքականության թողտվություն։

ԱՀ ԱԳ նախարարը կոչ է արել միջազգային դերակատարներին վճռական և անկողմնակալ դիրքորոշում արտահայտել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, հորդորել վերջինիս հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառումից և հարգել իր միջազգային պարտավորությունները։ Շեշտվել է, որ դա նվազագույնն է, ինչ պետք է անի միջազգային հանրությունը՝ ապացուցելու իր հանձնառությունը ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը:

ԱՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031