Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցավոր խմբի կողմից ՀՀ ՊԵԿ է ուղարկվել կեղծ փաստաթուղթ, որով ՌԴ ՊՆ պաշտոնատար անձը հայտնում էր, թե 11 բեռնատարով Իրանից ներմուծված ապրանքները նախատեսված են ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի համար»

Մայիս 25,2023 17:12

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության, ներքին անվտանգության վարչություններն ու Հարավային մաքսատուն-վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, համատեղ բացահայտել են Իրանի Իսլամական Հանրապետությունից հանցավոր սխեմայի միջոցով, առանց մաքսային վճարների վճարման, խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք:

Մասնավորապես, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի խումբ անձինք պատրաստվում են հանցավոր ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծաքանակ կարագ և սերուցք` առանց մաքսային վճարների վճարման:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և շուրջ 3 ամիս ձեռնարկվել են բազմակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձանց կողմից կազմակերպվել և իրագործվել է հանցավոր սխեմա, որի արդյունքում, պարտականությունից ազատող փաստաթղթեր կեղծելու միջոցով՝ խուսափել են առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց:

Այսպես, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անունով 11 բեռնատարի միջոցով ՀՀ տարածք է ներմուծվել շուրջ 280 տոննա կարագ և սերուցք` ընդհանուր 750 հազար ԱՄՆ դոլար արժեքով: Մինչև նշված բեռները կհասնեն ՀՀ տարածք, հանցավոր խմբի կողմից կազմվել և ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ուղարկվել կեղծ փաստաթուղթ, որով ՌԴ պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի պաշտոնատար անձը հայտնում էր, թե 11 բեռնատարով ներմուծված ապրանքները նախատեսված են ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի կարիքների համար և պահանջում է անհապաղ ներմուծումն ազատել մաքսային վճարներից` ՌԴ ու ՀՀ կառավարությունների միջև գործող գաղտնի համաձայնագրի համաձայն:

Ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների բազմակողմանիությունը և ամբողջականությունն ապահովելու, հանցավոր շղթայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունն ու դերակատարությունը, ինչպես նաև ներմուծված բեռների իրական սեփականատերերին պարզելու նպատակով հիշյալ համաձայնագրի շրջանակում բեռները բաց են թողնվել`ծածկագրված եղանակով` գտնվելով ՊԵԿ աշխատակիցների 24 ժամյա դիտման տակ: Այդ ընթացքում բեռնատարները Մեղրիի սահմանային անցակետից շարժվել են Երևան քաղաքում գտնվող մաքսային տերմինալ, որտեղ մաքսային ձևակերպումները կատարելուց հետո դուրս են եկել տերմինալից, սակայն չեն գնացել ռուսական 102-րդ ռազմաբազայի պահեստներ, այլ կայանվել են Երևանի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում և այնտեղ մնացել 3 օր: Այդ ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ներմուծված բեռները որևէ առնչություն չունեն ռուսական ռազմաբազայի հետ, միաժամանակ, ճշտվել են հանցավոր սխեմայի բոլոր դերակատարները:

Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով` կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 170 միլիոն ՀՀ դրամի վնաս: Դեպքի առիթով, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, նախաձեռնվել է քրեական վարութ:

Միաժամանակ, բոլոր բեռնատարները ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ ավտոկայանատեղիից տեղափոխվել են ՊԵԿ հսկողության գոտի:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=4HlYcuORVdU

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031