Երևանի Խաչքարերի պուրակում մայիսի 27-ին և 28-ին կանցկացվի «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:
«Հայաստանի մարզերը կներկայացնեն իրենց հարուստ մշակութային ժառանգությունը, խոհանոցը, բնությունն ու արկածային տուրիզմի հնարավորությունները: Բոլոր մարզերը ներկա են լինելու, ունենալու ենք երգ, պար, հարուստ խոհանոց»,-ասաց Պօղոսեանը:
Նախատեսվում է մարզերից 150-ից ավելի ներկայացուցիչների մասնակցություն, ներկայացվելու է 500-ից ավելի արտադրանք: Ակնկալվում է 10 հազարից ավելի այցելություն: Այցելուներին կգրավեն գաստրո, վարպետաց դասերի ու արկածային տուրիզմի գունեղ տաղավարները:
«Այս միջոցառումն առաջին հերթին ներքին զբոսաշրջության շուկայի զարգացմանն է ուղղված: Ցանկանում ենք մեր քաղաքացիների շրջանում մեծացնել հետաքրքրությունը մարզային տուրիստական պրոդուկտների նկատմամբ: Դրանից բացի, մենք այս պահին մեր երկրում ունենք մեծ թվով զբոսաշրջիկներ, Հայաստանում բնակվող ռուսներ, նպատակ ունենք նաև իրենց ուշադրությունը հրավիրել, որ տեղյակ լինեն, թե ինչ տուրպրոդուկտներ կան մարզերում»,-ասաց Սիսիան Պօղոսեանը:
Կարդացեք նաև
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի խոսքով, այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 630 հազար զբոսաշրջիկ, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 35 տոկոս աճ:
«Զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է Ռուսաստանից՝ մոտ 52 տոկոս, որին հաջորդում է Վրաստանը, Իրանը: Զբոսաշրջային այցերի բավական ակտիվություն ենք նկատում Էմիրություններից: Զբոսաշրջային այցերի ակտիվության առումով առանձնանում է ապրիլ ամիսը: Միայն ապրիլին ունեցել ենք 180 հազար զբոսաշրջիկ»,-ասաց Սիսիան Պօղոսեանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ