«Չեմ տիրապետում քրեական գործի մանրամասներին, բայց ավելի լավ է՝ այդ մարդը գա եւ ներկայանա նախաքննական մարմնին, որովհետև գտնվում է հետախուզման մեջ։ Տվյալ անձնավորությանը ՀՀ իրավապահ մարմինները հետախուզում են ՀՀ պետական գույքը հափշտակելու եւ մի շարք այլ հանցագործությունների համար։ Թող գա, ներկայանա եւ ավելի մանրամասն պատմի իր առնչությունը բանանի ու կոկաինի հետ»,- սա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի արձագանքն է լրագրողի հարցին՝ «կոկաինի» գործով Միհրան Պողոսյանի տարածած հայտարարությանը:
Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանը Հայաստան ուղարկված մեկ տոննա թմրանյութի մասով սլաքն ուղղեց Միհրան Պողոսյանի կողմը, քանի որ նրա սեփականություն հանդիսացող ընկերության մեքենայում է հայտնաբերվել թմրանյութը: Իսկ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորաբար, նշել էր․ «Սույն թվականի մայիսի 13-ին տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին՝ անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ»։
Հարցերին՝ ինչպե՞ս է եղել, որ շուրջ մեկ տոննա կոկաինը սահմանին չի հայտնաբերվել, արդյոք թմրանյութերի տարածումը մեր երկրում եղե՞լ է բանանի ներկրման միջոցով, քանի որ այդ շուկան երկար տարիներ գործել է մենաշնորհային, ՔՊ-ական պատգամավորը հորդորեց առաջին հարցն ուղղել ընդդիմադիրներին. «Նկատել եմ, որ մեր ընդդիմությունն է լավ տեղյակ կոկաինի գործից, ես չեմ հետաքրքրվել։ Բազմաթիվ այլ ոլորտներ կան, որոնք գտնվել են մոնոպոլ վիճակում։ Հիմա եթե հետախուզվող մարդը մեկնաբանում է, մի հատ էլ ասում է, որ զանգահարել է ԱԱԾ պետին, կարող եմ ենթադրել, որ նախկինում ավելի մեծ հանցագործությունների մասին կարող է խոսք գնացած լինել»:
Լրագրողի հիշեցմանը, որ իշխանական պատգամավորն էր հայտարարում, թե Հայաստանում որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութի չի անցնում, Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց, թե լրագրողները համատեքստից կտրված են տարածում իր գործընկերոջ ասածը եւ սխալ են մեկնաբանում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ