Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կյանքի իմաստը նվիրաբերությունն է։ Քչերից՝ շատերին, իմացողներից և ունևորներից՝ չիմացողներին ու չունևորներին». Ռուբեն Վարդանյանը նշում է ծննդյան 55-ամյակը

Մայիս 25,2023 16:06

«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր նշում եմ ծննդյանս 55-ամյակը։ Ծննդյան օրը հարմար առիթ է ամփոփումների համար: Այսօր ստանում եմ շնորհավորանքներ, նվերներ և աջակցության խոսքեր աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանցից, ու շնորհակալ եմ նրանց։ Ժամանակին ես ընդունեցի մի բանաձև՝ «Կյանքի իմաստը նվիրաբերությունն է։ Քչերից՝ շատերին, իմացողներից և ունևորներից՝ չիմացողներին ու չունևորներին»։

Վերոնիկան ու ես այդ բանաձևով ենք առաջնորդվում վերջին 20 տարիներին: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է հիմա աջակցել Արցախին՝ ոչ միայն մեր գործերով, այլ նաև սեփական միջոցներով։ Արցախի անվտանգությունն ու բարեկեցությունն ուղղակիորեն կապված են Հայաստանի անվտանգության ու բարեկեցության հետ, հետևաբար՝ հայկական աշխարհի անվտանգության ու բարեկեցության հետ։ Եթե մենք մինչև վերջ չպաշտպանենք Արցախը, կկորցնենք մեր արմատների կարևոր մասը, մի հարուստ մշակույթ կարող է անհետանալ աշխարհի երեսից։ Հասկանալով սա և հավատալով հաջողությանը՝ ես և իմ համախոհներն էլ ավելի ակտիվ ենք գործում։

Մենք ունենք մի նպատակ, որի շուրջ մեծաթիվ մարդիկ են համախմբվել, ունենք տեսլական, հասկանում ենք, թե ուր պետք է շարժվենք, ստեղծել ենք ենթակառուցվածք՝ կոնկրետ ջանքեր գործադրելու համար։ Մեզ սպասվող հսկայական աշխատանքը պահանջում է ֆինանսական հիմք: Սկզբնական փուլում իմ ընտանիքը կներդնի 20 միլիարդ դրամ։ Ակնկալում ենք, որ կկարողանանք ներգրավել ևս 40 միլիարդ դրամ այն  հայերից և Արցախի ընկերներից, որոնք  անտարբեր չեն Արցախի նկատմամբ, որոնք վստահում են մեզ և աջակցում են մեր գործին։ Այն բոլոր՝ 700-ից ավելի նախագծերը, որոնք իրականացրել և որոնց աջակցել եմ,  կոլեգիալ հիմունքներով են եղել, և այդ փորձը մեզ դեռ շատ է պետք լինելու Արցախում։

Ներդրված և ներգրավված գումարներն աննպատակ չեն ծախսվելու, չեն ուղղվելու անգործության  խրախուսմանը: Այդ գումարներն ուղղվելու են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ծրագրերին աջակցելու համար։ Շարժման նախաձեռնող խումբը կազմված է Արցախի հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներից։ «Ճակատի» նպատակը նույնն է, ինչ 35 տարի առաջ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ։  Տարբեր քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ  հետ համատեղ քննարկումների և  աշխատանքի ընթացքում ձևավորվել են Արցախի զարգացման հայեցակարգը և դրա իրականացման ճանապարհային քարտեզը։

Ավելի քան 20 նախագիծ գտնվում  է իրականացման տարբեր փուլերում: Կառավարության և մեր՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվել Արցախի պետական պահուստի համալրման ուղղությամբ, իրականացվում են էներգետիկ ենթակառուցվածքների ամրապնդման, սոցիալական հաստատությունների համար էլեկտրաէներգիայի պահուստային և այլընտրանքային աղբյուրների ստեղծման, ջերմոցային տնտեսությունների աջակցության, կրթական ու մշակութային և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ, որոնց մասին դեռ վաղ է հրապարակել:

Այսօր մեր կողմից 77 աշխատանքային ուղղություններով ճանապարհային քարտեզներ են  մշակվում, և  դրանց նախագծումից հետո կլինեն ոչ թե տասնյակ, այլև հարյուրավոր նման նախաձեռնություններ: Նախագծերը կիրականացվեն Արցախի բոլոր առողջ ուժերի հետ համագործակցաբար՝ արդյունավետության հստակ սահմանված չափանիշներով: Բայց կարևորն այն է, որ բոլոր այդ նախաձեռնությունները ծառայելու են մեկ՝ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ ունենալու նպատակին:

Մենք լի ենք վճռականությամբ և աշխատելու ենք մեր նպատակներին հասնելու համար՝ չնայած այն  բոլոր սահմանափակումներին ու խոչընդոտներին, որոնց բախվում ենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031