ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք այդպիսով Հայաստանը ՀԱՊԿ-ց դուրս գալու գործընթացին մեկնարկ է տալիս: Պատգամավորը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց Հայաստանը դեռ չի նախատեսում:
«Մանրամասներին չեմ տիրապետում, վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ, դրանք կապ ունեն պաշտպանության նախարարի այլ գործերի, տեխնիկական այլ հարցերի հետ»,–ասել է իշխող խմբակցության քարտուղարը:
Հիշեցնենք, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն՝ Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։ Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ