Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունեցել ենք ՀՀ-ի վրա հարձակման փաստ՝ սեպտեմբերի 13-ին, իսկ ՀՀ կառավարությունը դրսևորել է անգործություն․ դա ենք խնդրում ճանաչել ոչ իրավաչափ»․ Արա Զոհրաբյան

Մայիս 25,2023 15:36

«Եթե դատարանը կառավարության անգործությունը ճանաչեց ոչ իրավաչափ, ապա շատ խոսուն փաստ կլինի այս կառավարության գործունեության գնահատականի մասին»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նախադեպ կլինի այն, որ դատարանը բավարարի իրենց հայցը և ՀՀ կառավարության գործունեությունը ճանաչի ոչ իրավաչափ, այսպես պատասխանեց ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

Նշենք, որ Արա Զոհրաբյանը և նրա կողմից հիմնադրված «Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունը» հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ կառավարության։ Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ այս գործով նախնական դատական նիստ։ Հաջորդ դատական նիստի օրվա մասին նախապես կծանուցվի կողմերին։

Արա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում իրենց պահանջի մասին ասաց․ «Մենք դատարանից խնդրել էինք, որպեսզի 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ-ի վրա զինված հարձակման կապակցությամբ ռազմական դրություն հայտարարելու փոխարեն ՀՀ կառավարության դրսևորած անգործությունը ճանաչի ոչ իրավաչափ։ Սահմանադրությամբ կառավարության վրա դրված է կոնկրետ պարտականություն՝ 119-րդ հոդվածով, համաձայն որի՝ ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն։ Այսինքն՝ այստեղ չի ասում՝ կառավարությունը կարող է հայտարարել ռազմական դրություն, այլ ասում է՝ հարձակման դեպքում հայտարարում է ռազմական դրություն։ Մենք ունեցել ենք հարձակման փաստ՝ սեպտեմբերի 13-ին, իսկ կառավարությունը դրսևորել է անգործություն։ Հիմա այդ անգործությունն ենք խնդրում ճանաչել ոչ իրավաչափ»։

Դատական նիստին ներկա էր նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչը։ Ըստ Արա Զոհրաբյանի՝ իրենք հիմնականում բովանդակության մեջ չեն փորձում մտնել․ «Վստահ եմ՝ այդ մասով իրենք ասելիք չունեն, այլ փորձում են ասել՝ այդ  դեպքը հայցվորների որևէ իրավունք չի խախտել։ Փորձում են այդպես իրենց պաշտպանությունը կառուցել, որ իբրև, եթե նույնիսկ նման բան եղել է, ապա մեր ո՞ր իրավունքն է խախտվել կառավարության այդ անգործությամբ։ Իրենց մոտեցումը դա է»։

Արա Զոհրաբյանը փաստեց՝ հայցը ներկայացրել են ոչ միայն իրենց կուսակցության անունից, այլևս որպես ֆիզիկական անձ՝ Արա Զոհրաբյանի անունից։ Ու ասաց․ «Կանխազգալով որ այդ տիպի դիրքորոշում են ներկայացնելու՝ ես ինքս որպես ֆիզիկական անձ նույնպես հայցվոր եմ»։

Արա Զոհրաբյանը կարծում է, որ այս գործով դատավոր Աղասի Դարբինյանը գերգրագետ, խելացի դատավոր է։ Դատարանից ակնկալիքներ ունեն, քանի որ ըստ Արա Զոհրաբյանի՝ հակառակ դեպքում պարզապես չէին դիմի դատարան։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031