Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր թիմին լռեցնելու համար ինքը երկու տարբերակ ունի՝ բանտարկել կամ սպանել». Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ-ի անելիքների մասին

Մայիս 25,2023 14:05

«ՀԱՊԿ փոխօգնության փաթեթը ներառում էր եւ սպառազինություն, եւ, ըստ իմ տեղեկությունների, որոշակի ուժերի տեղակայում»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ ինքը մի քանի անգամ է այդ մասին հայտարարել եւ եթե դա այդպես չի` ՀԱՊԿ-ը կարող էր հերքել:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն էլ էր նման հայտարարություն արել՝ հաստատելով ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունները:

Հիշեցնելով, որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը՝ քաղաքական գնահատական պահանջելով, նա ընդգծում է, որ մինչ այդ, ԱԳ նախարարների մակարդակով փաստաթուղթը համաձայնեցվել էր եւ տարակուսում՝ այդ դեպքում ինչո՞ւ ԱԳ նախարարին աշխատանքից չի ազատում, եթե այդքան վատ փաստաթղթի էր համաձայնել:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկ արած հայտարարությանն էլ եւ թարգմանելով այն դիվանագիտական լեզվից, Հայկ Մամիջանյանն ասաց, որ ռուսաստանցի պաշտոնյան ուղիղ ասաց՝ «Հայաստանն է հրաժարվել Արցախից», այսինքն, «այն տարբերակը, որ «ձեւ չունեինք», չի անցնում. ձեւ կար՝ առնվազն հետագայում ինքնորոշման իրավունքի պահպանման, բայց պաշտոնական Երեւանը դրանից հրաժարվեց, որպեսզի սեփական աթոռը պահի»:

«Ես չեմ կարող մանրամասն ասել, թե ինչ ենք անելու: Ես կարող եմ շատ պարզ մի բան խոստանալ. մեր թիմին լռեցնելու համար ինքը երկու տարբերակ ունի՝ բանտարկել կամ սպանել»,-ասաց Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ընդդիմության անելիքների մասին հարցին եւ հիշեցնելով՝ նախկինում իր հայտնած կարծիքը, որ եթե Նիկոլ Փաշինյանը դեռ իշխանության է՝ ընդդիմությունը վատ է աշխատել, բայց ՀՀԿ-ն ամեն կերպ հասնելու է ՀՀ-ի եւ Արցախի ինքնիշխանության պահպանմանը:

«Վատագույն սցենարի դեպքում, Հայաստանում կարող են լինել երկու խումբ մարդիկ. մարդիկ, որոնք փորձել են հանձնել Արցախը եւ մարդիկ, որոնք չեն կարողացել դրան խանգարել. ես չեմ կարող լինել ոչ առաջին, ոչ երկրորդ խմբում»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին խաբում է՝ վախեցնելով պատերազմով, որպեսզի իր դավաճանական ծրագրերն իրականացնի:

Ընդդիմադիր գործիչն ընդունում է, որ աշխատելով ուժերի ներածին չափով՝ հաջողության չեն հասել, ուստի պետք է դրանից ավելի աշխատեն՝ հավելելով, որ Հայրենիքի փրկության շարժման եւ Դիմադրության շարժման վերլուծություններն ու հետեւություններն արել են, սխալները չեն կրկնելու: Իսկ այդ սխալների մասին բարձրաձայն խոսելու իմաստը չի տեսնում: Իր գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա զբաղեցրած աթոռի կաշիներն արդեն միախառնվել են, աթոռից Նիկոլ Փաշինյանին պոկելը բարդ է լինելու. «Բայց մենք պոկելու ենք, պոկելուց վատ չենք»:

«Դուք չեք պատկերացնում, թե ես որքան կուզեի հիմա պիջակով չլինեի, ակցիայի ժամն ու տեղն ասեի, մանդատս էլ ճղեի ու դուրս գայի՝ գնայի միանայի այդ ցույցին: Բայց սա վաղուց արդեն քաղաքական պայքար չէ, հասկանում եմ, որ հարցերը, որպես կանոն տրվում են մեզ, բայց սա բոլորիս պայքարն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031