ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձավ ՀՀ նախկին իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններին՝ ամբիոնում միացնելով ՀՀ նախկին նախագահների ելույթներից հատվածներ։ «Ես մի հարց եմ ուզում տալ ընդդիմադիրներին, հարցը հետեւյալն է՝ Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին ո՞չ։ Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ։ Եվ ո՞րն է ձեր հայրենիքը։ Ուզում եմ այս հարցին պատասխանեք, արդյոք հայրենիքի ինչ-որ կտոր փոխանակման առարկա՞ է ընդհանրապես»,- ասաց նա։
Հակոբ Արշակյանը հավելեց, որ Արցախի ժողովրդի ներկայացուցիչները վերադառնում են բանակցային սեղանի շուրջ՝ ի հակառակ նրա, որ Ռոբերտ Քոչարյանը նրանց դուրս էր թողնում բանակցություններից։
«Մեզ մեղադրանքներ կան, թե իբր բանակի ողնաշարն ենք կոտրել։ Ես ուզում եմ հարց հնչեցնել՝ ո՞րն է եղել գինը՝ ապրիլյան քառօրյա պատերազմը 44-օրյա պատերազմի չվերածելու։ Ուզում եմ այդ հարցին պատասխանեք, ո՞րն է եղել գինը, որ չորրորդ օրը պատերազմը դադարել է։ Արդյոք դադարել է, որովհետեւ հայկական զինված ուժերը ահռելի ջախջախիչ հարվա՞ծ են հասցրել ադրբեջանական զինուժին։ Եվ եթե այդպես է, ինչո՞ւ չեն շարունակվել ռազմական հաջողությունները։ Ասում են, թող Հայաստանի իշխանությունը գնա, ասի, որ փողոցում ինձ ճնշում են, եւ դրա համար հրաժարվի որեւէ բան ստորագրելուց։ Տեսել ենք ըտենց բաներ, դրա հետևանքներն էլ ենք տեսել, կլինի՞ նույն ճանապարհը հինգ անգամ չանցնենք, վերջը պետք է դասեր քաղել պատմությունից, չէ՞»,- ասաց նա։
Արշակյանն ընդդիմադիրներին հարց ուղղեց՝ «ի՞նչ ծառայություն եք մատուցում ժողովրդին, արդյոք չեք սովորեցնում պատրանքներով ապրել»։ «Քոչարյանի՝ ռազմական նպատակներով նվաճած տարածքները վերադարձնելու թեզը հայրենիքի ասոցացման հետ չեք դնում, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ադրբեջանին զիջված տարածքները հայրենիքի բանի տակ եք դնում։ Այս աչքակապությանը, ժողովրդին մոլորեցնելու տրամաբանությանը պետք է վերջ դրվի եւ վերջ է դրվում»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ