Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եք՝ մարդկանց 90 տոկոսը համաձայն չեն, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ես կասեի՝ 100 տոկոսը, բայց դա ի՞նչ կապ ունի իրականության հետ»․ Սերգեյ Բագրատյան

Մայիս 25,2023 13:46

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ ընդդիմադիրների հայտարարություններին, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների թիվն այսօր մեծ չէ։

«Ասեմ ձեզ, որ այստեղ ինստիտուցիոնալ սխալ կա, որովհետեւ այդ 680 հազար մարդիկ ոչ թե անձի շուրջ են համախմբվել, այլ գաղափարի։ Այդ 680 հազարը՝ նախկին իշխանությունից, կոռուպցիայից զզված, այս կյանքից հոգնած, մերժել է այդ իշխանությանը։ Ի՞նչը փոխվեց, մտածում եք, թե մարդիկ մոռացա՞ն արդեն այդ ծանրագույն պատմությունը, որը մենք ունեցել ենք, այդ ծանրագույն ընթացքը, որի ժամանակ մարդն այլեւս անհնար էր համարում ապրել իր երկրում։ Արդյոք այս 680 հազարն իսկապես շատ գո՞հ են այսօրվա իշխանությունից, իհարկե, ոչ, շատ դժգոհություններ կան, բայց համեմատելու եզր կա՞ արդյոք։ Բացարձակ համեմատելու եզր չկա, որովհետեւ մեր ներքին ազատությանը եթե լսենք, բոլորովին այլ պատկեր կստանանք։ Իհարկե, դժվար է վերադառնալ այն ժամանակվա դժոխային վիճակին, որովհետեւ արգելակում ունենք, ուղեղը չի ուզում հետ գնալ այլեւս, որովհետեւ հասկացել ենք, որ այս փրկությունից հետո ուղղակի անդրադառնալ այդ համակարգերին ծիծաղելի է։ Հետեւաբար, վստահ եմ, որ ժողովուրդն իր որոշումների մեջ վստահ է, աներկբա ընթանալու է նույն ուղիով, ինչ ընտրել է։ Այս ժողովուրդը եւ մենք մեր ազատություններն ենք սիրում, մեր ինքնիշխանությունն ենք սիրում, մեր արդարություն ենք սիրում եւ դրա հետեւից ենք գնում։

Թիվ են բերում, ասում են՝ մեր հասարակության 90 տոկոսը համաձայն չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ես կասեի, որ 100 տոկոսը համաձայն չէ, բայց համաձայն չլինելն ինչ կապն ունի իրականության հետ։ Երազանքը մի բան է, իրականությունը մեկ այլ բան։ Ներկա մեր հնարավորություններն արդյոք թո՞ւյլ են տալիս, որ մենք այդ երազանքներն իրականացնենք։ Եթե թույլ չեն տալիս, իրավունք ունե՞նք գնալ մի ռիսկի, որտեղ մեր մտքերը կարող են խաթարվել, այլեւս ընթացք չունենանք»,- ասաց Բագրատյանը։

Ըստ նրա՝ իրենք պրագմատիկ քաղաքականություն են փորձում վարել հողի վրա։ «Ստատուս քվոն պահպանվում էր մեր ռազմավարական դաշնակցի՝ մեր հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Եվ երբ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը հայտարարեց, որ այլեւս ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս, տարածաշրջանում դիսբալանսը խախտվեց, Թուրքիան հայտարարեց, որ պաշտպանում է Ադրբեջանին, եւ մենք մնացին միայնակ մեր խնդիրների հետ։ Մենք չէինք, որ այդ ռազմավարական դաշնակցին ընտրել էինք, այդ ռազմավարական դաշնակիցը գոյություն ուներ 1994 թվականից այսկողմ։ Ժողովուրդն այլեւս մեզ չի ների, եթե երազանքի գիրկն ընկնենք, ոչ թե իրական պետական հողի վրա պինդ կանգնենք»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031