Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը՝ Գայանե Հակոբյանի կալանքի մասին․ «Կալանքը կարող է կիրառվել բացառիկ դեպքերում

Մայիս 25,2023 13:38

«Իմ հնարավորությունների շրջանակն այս փուլում հետեւյալն է՝ արձանագրել, որ կալանքը կարող է կիրառվել բացառիկ դեպքերում, խնդրել, որպեսզի այս հանգամանքը մի անգամ էլ հաշվի առնվի հետագա բողոքարկման եւ այլ գործընթացների շրջանակներում, եւ խնդրել իրավասու մարմիններին հնարավորինս տեղեկատվություն փոխանցել, որովհետեւ, ի վերջո, այս գործը երկու կարեւոր կոմպոնենտ ունի՝ իրավական եւ մարդկային»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն՝ անդրադառնալով զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորմանը։

Նա ասաց, որ անընդհատ շփվում է զոհվածների, անհայտ կորածների հարազատների հետ, եւ նկատեց՝ կարեւոր է, որ պետությունն ունենա հստակ ծրագրեր նրանց ոչ միայն նյութական աջակցություն ցուցաբերելու համար, այլ՝ հոգեբանական։

Հարցին՝ արդյոք խոսել է դատախազի հետ Գայանե Հակոբյանի խափանման միջոցի վերաբերյալ, պաշտպանը պատասխանեց․ «Թե՛ իրավական, թե՛ մարդկային բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ փորձել եմ գործի դնել այն բոլոր հնարավոր գործիքակազմերը, որոնք այս գործընթացի շրջանակներում հնարավոր են»։

Մանասյանն ասաց, որ ե՛ւ ինքը, ե՛ւ պաշտպանի աշխատակազմն անընդհատ ուշադրության կենտրոնում են պահել այս գործը․ «Աշխատակազմի ներկայացուցիչներն առաջին պահից այցելել են նրան, ծանոթացել են խնդիրներին, մի շարք խնդիրներ մեր ուժերով փորձել ենք լուծել։ Ինքս եմ այցելել Աբովյան ՔԿՀ, աշխատակազմին խնդրել եմ գնալ այցելության, խցային պայմանների հետ կապված փորձել ենք լուծում տալ»։

Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի տարածած շատ քննարկված եւ շատերի համար անհասկանալի հաղորդագրությանը՝ Գայանե Հակոբյանի կալանքի վերաբերյալ, պաշտպանն ասաց՝ դա նախ ուղղված է եղել պետական մարմիններին, հանրային, քաղաքական գործիչներին, հանրային պաշտոնատար անձանց, որոնք հստակ ընկալել են հաղորդագրության հիմնական համատեքստը․ «Հաղորդագրության հիմնական իմաստն այն է, որ պետական մարմինները, հանրային պաշտոններ զբաղեցնողներն իրենց խոսքն ու վարքագիծը կառուցելիս պետք է պահպանեն անձի անմեղության կանխավարկածը։ Մյուս կարեւոր հանգամանքը՝ հաշվի առնելով գործի հանրային մեծ հետաքրքրությունն ու հարցի մեծ զգայունությունը, պետք է իրավասու մարմինները կարողանան հստակ հանրային հաղորդակցություն վարեն, որպեսզի հանրությունը պատշաճ տեղեկատվություն ունենա կայացված որոշումների հիմքեր վերաբերյալ»։

Պաշտպանը նշեց, որ հանրային, քաղաքական գործիչներն անընդհատ տարածում են ատելության խոսք այս դեպքի համատեքստում, ինչն անընդունելի է․ «Հետեւաբար հանրային բեւեռացումը պետք է փորձեն բացառել»։

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը կալանավորվել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին ենթադրյալ առեւանգման համար։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031