Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ WELCOME պլակատ վերցրու ու էդպես թշնամիներին կանչի», Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի ասած «կադաստրի վկայականի մասին»

Մայիս 25,2023 13:20

ՀՀԿ-ի թողած բանակցային ժառանգության մեջ, քննարկվող փաստաթղթերում, երբեւէ, որեւէ հիշատակում անկլավների մասին չի եղել. այս մասին այսօր խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Քննարկվող խաղաղության համաձայնագրում, հիշեցնենք, խոսվում է նաեւ անկլավների մասին, ինչը օրերս կայացած ասուլիսում հաստատեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերն ընդգրկված չեն Հայաստանի՝ 29.800 քառակուսի կիլոմետրում:

«Ավելին ասեմ, այս խորհրդարանի գումարման ընթացքում, իշխանական պատգամավորներից մեկը մի անգամ ինձ խնդրեց անկլավների հետ կապված այս պահին միջազգային եւ տեղական հարթակներում չխոսել՝ վստահեցնելով, որ այդ հարցը լուծված է եւ ավելորդ անգամ այն շրջանառել անհրաժեշտ չի»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը՝ նկատելով, որ փաստորեն, հարցը լուծված համարելով՝ իշխանությունը նկատի է ունեցել ճիշտ հակառակը՝ Հայաստանի համար չարիք հանդիսացող լուծումը:

Արցախի ինքնորոշման իրավունքի մասով էլ ընդդիմադիր պատգամավորը զգուշացնում է՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը թող որեւէ մեկը չհամարձակվի պատճառ բերել, այդ իրավունքի չիրացման կամ այդ ուղղությամբ ոչինչ չանելու համար. «Նույնիսկ պատերազմից հետո, ՌԴ նախագահը, ԵՄ հանձնակատարը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կանցլերը՝ բոլորը խոսել են ինքնորոշման մասին: Չեմ էլ խոսում այն մասին, որ ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագրով բոլոր երեք սկզբունքներն էլ ներառված էին եւ դա վավերացված է ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից»:

Ընդդիմադիր պատգամավորն արձանագրում է, որ այսօրվա կառավարիչները այնքան հակապետական մոտեցում ունեն, որ այդ ժառանգությունը չեն կարողացել շարունակել:

Արցախում առաջին հանրաքվեի եւ ինքնորոշման իրավունքի միջեւ այս օրերին հակասություն գտնող եւ մատուցողներին էլ Հայկ Մամիջանյանը զգուշացնում է. «Արցախում իրականացված առաջին հանրաքվեն մի շարք կարեւոր հարցեր է լուծել. ղարաբաղյան հակամարտությունը դարձրել է միջազգային հանրության սուբյեկտ, հնարավորություն է տվել Արցախում ձեւավորել ընտրված կառավարման մարմիններ, որոնք, բոլոր միջազգային գնահատականներով, շատ ժողովրդավարական կառավարում էին իրականացնում: Փորձել հակասություն գտնել հանրաքվեի եւ ինքնորոշման իրավունքի միջեւ՝ ուղղակի թշնամական գործունեություն է: Այդպիսի բան կարող էր ասել միայն Ադրբեջանի նախագահը»:

Նա չի հոգնում կրկնել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Խորհրդային Ադրբեջանի տարածքում ձեւավորվել է երկու պետություն՝ Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ. «Սա այն բոլոր հանճարների համար, որոնք զարմացած հարցնում են՝ իսկ ումի՞ց էր ինքնորոշվում, ումի՞ց էր անկախանում»: Իր գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը զբաղված է «ինչ-որ անհասկանալի ժանգլյորությամբ»:

Իսկ «կադաստրի վկայականի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն էլ այսպես է արձագանքում. «Ինքը վստահ եմ, գիտակցելով, երեկ, իր այդ հայտարարությամբ, հնարավորություն է տվել թշնամական տրամադրված մեր երկրի հարեւան երկրներին հետագայում իրենց ապօրինի ագրեսիան հիմնավորել Փաշինյանի հայտարարությունով»:

Հայկ Մամիջանյանը հիշեցնում է ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ ՀՀ-ին ոչ ոք զենք չի վաճառում, ՀՀ-ն «կադաստրի վկայական» չունի, աջակից պետություններ չունի ու վրդովվում. «Էդպես լավ չի, մի հատ WELCOME պլակատ վերցրու ու էդպես թշնամիներին կանչի»: Նաեւ նա չի հասկանում, թե ի՞նչ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մասին է Նիկոլ Փաշինյանը խոսում, երբ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս:

Հայրենիքի հանձնման «կեղծ իրավական հիմք» է նա համարում Ալմա-Աթայի հռչակագիրը, որը Նիկոլ Փաշինյանն երեկ ընդունեց, որ ինքն է օրակարգ բերել եւ որի մասին մինչ օրս մեկ անգամ խոսել էր Ադրբեջանը՝ կրկնելով, որ այն չի կարող հիմք հանդիսանալ, քանի որ երբ այդ համաձայնագիրը կնքվել է՝ Արցախն արդեն անկախ էր:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031