Լրահոս
Օրվա լրահոսը

Քըլըչդարօղլու. «Իրան-Հայաստան միասնությունը խոչընդոտում «Զանգեզուրի միջանցքի» բացմանը: Մեր հիմնական նպատակը Միջին Ասիան Թուրքիային և Եվրոպային միավորելն է»

Մայիս 25,2023 13:08

Ermenihaber. Թուրքիայի քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 24-ին  հյուրընկալվել է յութուբյան «BaBaLa TV»-ի՝ ազատ խոսափողի ձևաչափով հաղորդմանը:

Քըլըչդարօղլուն նշել է, որ ընտրվելու դեպքում պետական ավանդույթներին համապատասխան առաջին քայլը լինելու է այցը դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ապա Ադրբեջան:

ԺՀԿ առաջնորդը շեշտել է, որ  ինչպես իր կուսակցության, այնպես էլ մնացած բոլոր կուսակցությունների և քաղաքական շրջանակների վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ չի տարբերվում, ըստ նրա՝ որ Ադրբեջանի Բաքվի և Թուրքիայի Ստամբուլի միջև որևէ տարբերություն չկա:

«Ադրբեջանի հետ մեր ունեցած բարեկամությունը, միասնությունը որևէ կուսակցության տեսանկյունից տարբեր չի կարող պատկերացվել, ո՛չ իմ, ո՛չ մյուս կուսակցությունների»։

Անդրադառնալով վերջերս իր իսկ կողմից առաջ քաշված Ադրբեջանը շրջանցող թյուրքական երթուղուն՝ տվել է հետևյալ պարզաբանումը. «Մեր հիմնական նպատակը, անշուշտ, Միջին Ասիան Թուրքիային և Եվրոպային միավորելն է։ Մեծացնել կենտրոնական Թուրքիայի նախագիծը և ստեղծել տնտեսական ենթակառուցվածք, որը շատ ավելի ամուր կապեր է ձևավորում Թուրքիայի և թյուրքական հանրապետությունների միջև»:

Իսկ «Զանգեզուրի միջանցքը» շրջանցելու, Ադրբեջանին վերոհիշյալ ճանապարհով թուրքական աշխարհից դուրս թողնելու դժգոհություններին և պնդումներին ի պատասխան նա ասել է.

«Գիտեք, Զանգեզուրի միջանցք կա։ Այդ միջանցքը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի՝ առանց պայմանի օգնությունից։ Իրանի և Հայաստանի միջև միասնությունը կարողանում է այս միջանցքի բացումը տեղափոխել փոքր-ինչ դժվար կետ։ Թուրքիան իր տարածաշրջանում շատ ավելի ուժեղ կլինի, եթե  կարողանա համոզել, բացատրել, որ այս բացվելիք միջանցքը և՛ Թուրքիային, և՛ Իրանին, և՛ Հայաստանին, և՛ թյուրքական պետություններին մեծ նպաստ է բերելու և այն տնտեսական արդյունքը, որ ստեղծվելու է, բոլոր երկրները կարողանալու են կիսել։ Ու մենք այդ միջանցքը պարտավոր ենք ընդարձակել և մեծացնել։ Այն, ինչ ցանկանում եմ ասել, սա է։ Թե չէ` Ադրբեջանի դեմ և այլն (հեգնում է- խմբ.)․․․ վերցնում, ասում են՝ վա՜յ, ինչու սա այսպես չասացիր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031