Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ասեք՝ թող վարչապետը հեռանա, վարչապետն այն անձերից չէ, որ փխկ անեն, փախնի, ո՞ւր հեռանա, ինքը ժողովուրդ է ներկայացնում»․ Հովիկ Աղազարյան

Մայիս 25,2023 12:53

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն արձագանքեց ընդդիմությանը եւ պատգամավոր Աղվան Վարդանյանին։

«Ես ուզում եմ մի քիչ բան պատմել Աղազարյան Հովիկ եւ Աղվան Վարդանյան անձերի շփումներից, մեկ-երկու դրվագ։ Երբ ես Դաշնակցության անդամ էի, պարոն Աղվան Վարդանյանի հետ շփվել ենք, իր մասին շատ լավ կարծիքի էի՝ գրագետ, պատրաստված։ Միգուցե մի քիչ մեծամիտ, դե երեւի դա էլ պայմանավորված էր իր ներքին կարողությունների ինքնագնահատականով, այդտեղ սարսափելի բան չկա։

Բայց մի այսպիսի էպիզոդ՝ 1998 թվականին Դաշնակցության գերագույն ժողովն էր ընթանում, ես Հրաչ Սարգսյանի հետ նախագահում էինք այդ ժողովը։ Օրակարգի հարցերից մեկի քննարկման ժամանակ ես եւ Աղվան Վարդանյանը նույն կարծիքին էինք, մեզնից հետո ելույթ ունեցավ մեր հարգարժան ընկերներից մեկը, որը տրամագծորեն հակառակ կարծիքի էր։ Քննադատեց իմ ելույթը, ես ձայն չհանեցի, հետո քննադատեց Աղվան Վարդանյանի ելույթը։ Ես ընդհատեցի իմ հարգարժան ընկերոջը եւ խնդրեցի, որ ինքը ներկայացնի իր տեսակետը, ոչ թե քննադատի ընկերոջ ելույթը։ Դրանից հետո ամեն առավոտ, երբ հավաքվում էինք եւ պետք է ժողովը սկսեցինք, պարոն Աղվան Վարդանյանը գալիս էր եւ բոլորի ներկայությամբ ինձ ասում էր՝ «ողջույն, լուսավոր մարդ»։

Անցան ժամանակներ, հանգամանքների բերումով էլի շփվում ենք։ Ես՝ որպես էթիկետը պահող, հարգանքը հասկացող մարդ, հանդիպեցի իրեն անցակետում, որ մտնեինք ԱԺ դահլիճ, ես զիջեցի տեղս։ Ասացի՝ անցեք, ինքն ասաց հետեւյալը՝ «միայն ձեր դիակի վրայով»։ Դե կարելի է դա համարել Աղվան Վարդանյանի սարկազմով մտքերի շարքից։

Հիմա էլ իմ մասին ասում է՝ «մի մարդ, որը չի հասկանում, թե ինչ է խոսում»։ Պարոն Աղվան Վարդանյան, ժամանակ ենք ապրել, կյանք ենք ապրել, ի՞նչ տրանսֆորմացիա է տեղի ունեցել ձեզ մոտ, ի՞նչ տրանսֆորմացիա է տեղի ունեցել իմ մոտ։ Իմ մոտ, բացի էն, որ բիձայացել եմ, շատ ուրիշ բաներ տեղի չեն ունեցել։ Իսկ ձեզ մոտ շատ տրանսֆորմացիաներ են եղել, մենք ձեզ հետ միասին պայքարում էինք ուրիշ բաների համար, դուք հետո այդ ուրիշ բաները ոտնահարեցիք եւ ձեր անձնականը առաջ քաշեցիք, եկանք հասանք մինչեւ ծաղկաձորյան դեպքեր, այլ դեպքեր»,- ասաց նա։

Հովիկ Աղազարյանը հավելեց, որ ԱԺ պատգամավորները չեն կարող խորհրդարան հրավիրել մարդկանց, հետո նրանց վիրավորել։ «Պարոն Աղվան Վարդանյան, ո՞վ է տրանսֆորմացվել, դուք եք տրանսֆորմացվել, դա երեւի ձեր անմիջական ղեկավարի ու շրջապատի դրսեւորումն է՝ մարդկանց հրավիրել տուն կամ աշխատանքի վայր եւ հետո պահել ոչ հարգալից վիճակում։ Ինձ մոտ էլ բնական ռեակցիա էր, մի փոքր կոշտ տոնով արձագանքեցի պարոն Արթուր Սարգսյանի պահվածքին, որին երեւի բարեւած էլ չկամ, չեմ էլ ճանաչում։ Ինչո՞ւ էր այդ ռեակցիան, որովհետեւ իր ամբողջ ելույթի ժամանակ ինքը լարվածություն էր առաջացնում՝ Արցախն այնտեղ շրջապատված, դուք այստեղ հաց եք ուտում, դատավորներ եք ընտրում»,- հավելեց նա։

Աղազարյանը դիմեց ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին․ «Երկու խմբակցություն եք, խնդրեմ, Ազգային ժողովի օրակարգ բերեք Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը։ Իմիջիայլոց, Արցախի Հանրապետությունն այսօր աշխարհի ամենաանկախ հանրապետություններից մեկն է։ Բերեք այդ հարցը, իմ կարծիքով, այստեղ դա հավանության չի արժանանա, դուրս եկեք փողոց, հավաքեք ժողովրդին, ներկայացրեք, որ՝ խաբել են ձեզ, սիրելի ժողովուրդ, եկեք հավաքվենք, մեր հայրենիքը փրկենք։ Մի ասեք՝ թող վարչապետը հեռանա, վարչապետն ինստիտուտ է, վարչապետը հո անձ չէ, փառք Աստծո, էն անձերից չի, որ փխկ անեն, փախնի, ո՞ւր հեռանա, ինքը ժողովուրդ է ներկայացնում։ Կարող է մենք սխալվել ենք, ներողություն, կարող է մենք նաեւ խաբել ենք, ներկայացրեք ժողովրդին, թող ժողովուրդը հասկանա։ Իսկ նրանք, ովքեր ասում են, թե ժողովուրդը չի հասկանում, ովքեր կարծում եմ, որ հայրենիքի ու պետականության մասին ավելի շատ են մտածում, քան «օտպուսկ» եկած իր զինվոր որդու համար խոհանոցում ճաշ պատրաստող մարդը, ապա թքած ունեմ էդ ձեւի մարդկանց վրա»,- հավելեց Աղազարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031