Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվեց՝ մենք մեր հայրենիքում այլեւս քոչվոր ենք, թուրքերը պիտի մեզ տան կադաստրի վկայական՝ մեր երկրում ապրելու համար»․ Աննա Մկրտչյան

Մայիս 25,2023 12:43

ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Ասում է՝ դե ի՞նչ նոր բան ենք անում որ, ոնց կա, ըտենց էլ անում ենք, առաջ էլ է ըտենց եղել։ Բայց այդպես չի եղել, առաջ Հայաստանում ոչ մեկը չէր դժգոհում, որ իրեն զենք չեն ծախում, ինքը զենք չի կարողանում առնել։ Հայաստանում զենք կար, այդ զենքն առնում բերում էին, այդ զենքը կրակում էր՝ մեզ պաշտպանելու համար։ Առաջ հայկական հողերն օկուպացված ու թուրքին հանձնված չէին։ Ու մինչեւ Հայաստանում իշխանազավթումը՝ Ալիեւն էր ասում, որ ձեռ է քաշել Արցախից, եւ իրեն ճնշում են։ Բայց հիմա հակառակն է՝ հենց իշխանազավթի պատճառով, հիմա մեզ են ասում, մեզ են ճնշում։ Եվ ճնշում է Ալիեւը՝ հենց Շուշիում կանգնած»,- ասաց նա։

Ըստ Աննա Մկրտչյանի՝ ամեն ինչ ավելի քան հստակ է․ այս ամենն այն պատճառով է, որ Հայաստանում իշխանազավթումից հետո հատուկ ձեւաչափ է ձեւավորվել։ «Նիկոլական ֆորմատ է ձեւավորվել, որը բանավոր պայմանավորվածություններով, թուրքերի հետ ուղիղ բանակցություններով հող տալն է, ճանապարհ ու մարդկային կյանքեր տալն է։ Բանավոր հրահանգներով մեր տղերքին չկրակելու հրաման տալն է, կրակել արգելելն է։ Ու սրանից հետո մեզ ասում են՝ բա ինչո՞ւ այս 29․8 հազար քկմ-ն չեք գովաբանում, որ ուզում ենք պահել։ Մի շատ պարզ պատճառով, որովհետեւ մինչեւ իշխանազավթումն ու մինչեւ ձեր գալն ավելի քան 40 հազար քկմ-ն էր հայկական։ Էս 29․8 հազար քկմ թիվն էլ հլա չգիտենք, թե վերջում ինչքան է կանգնելու։ Այս ամենից հետո երեկ պարզվեց, որ մենք մեր հայրենիքում այլեւս տնվոր եւ քոչվոր ենք։ Մեզ փաստորեն թուրքերը պիտի տան կադաստրի վկայական՝ մեր երկրում ապրելու համար։ Թույլ տվեք առաջ անցնելով ասել, որ հետո միգուցե ամեն մեկս մեր տների համար թուրքերից շինթույլտվություն էլ պիտի ուզենք։ Հետո այդ շինթույլտվությունը չստանալու արդյունքում պարզվելու է, որ ապօրինի պետությունում ենք ապրում։ Էս մարդկանց նպատակը սա է։ Բայց թույլ տվեք ասել, որ ինչքան էլ ինքն ու իր նմանները ջանան, ոչ մեր երկիրն է ապօրինի պետություն դառնալու, ոչ էլ մենք մեր հայրենիքում քոչվոր»,- ասաց նա։

«Ուզում եմ խրախուսել վերջին երեք օրերին ՔՊ տարբեր շրջանակների կողմից իշխանազավթին սատարում հայտնելու փաստը, վերջինի կողմից թուրքի ցանկությունները բավարարելուն հայտնած համաձայնությունը։ Սա շատ կարեւոր քայլ է, որովհետեւ հետագայում հեշտացնելու է քրեաիրավական պրոցեսները, քանի որ այս ամբիոնից արդեն հիմնավորվելու է հանցավոր խմբավորման գոյությունը։ Եվ երեկվա «շատ կարեւոր» քննարկումը փոխկապակցելով մեր երկրի տարածքային ամբողջականությունը գոնե ձեւական առումով պահպանողի հետ՝ ես ուզում եմ մի հարց տալ՝ գոնե ձեր դրած նախագահը ցրտադիմացկուն է, թե՞ չէ»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031