Լրահոս
Օրվա լրահոսը

Արտադրական կանեփի արտադրությունը, առեւտուրը, արտահանումն ու ներմուծումը կվերահսկվեն նոր օրենքով

Մայիս 25,2023 12:23

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը չզեկուցվող հարցով հավանություն տվեց «Շուկայի վերահսկողության մասին» նոր օրենքի նախագծին։

Այս նոր օրենքով սահմանվում եւ կարգավորում է շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային մի շարք արտադրանքների վերահսկողությունը։

Ըստ այդմ՝ վերահսկողությունը վերաբերում է մի շարք ապրանքների անվտանգության պահանջներին, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմանը, հարգադրոշմմանն ու առեւտրին, արտադրական կանեփի արտադրությանը, արտահանմանը, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզավորմանը։ Ինչպես նաեւ կարգավորում է քվոտավորման եւ օրինական շրջանառության ոլորտներում իրականացվող վերահսկողության հիմնական սկզբունքները, առանձնահատկությունները, լիազոր մարմնի պաշտոնատար անձանց, տնտեսավարող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները։

Օրենքը չի տարածվում տարանցիկ փոխադրվող պարենային եւ ոչ պարենային արտադրանքի, դեղամիջոցների (այդ թվում՝ անասնաբուժական), միջուկային նյութերի, հատուկ տրոհվող նյութերի, միջուկային էներգիայի բնագավառում օգտագործվող այլ արտադրանքի, ռազմական նշանակության արտադրանքի, օդանավերի եւ դրանցում տեղադրված սարքավորումների, քաղաքաշինության օբյեկտների վրա:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ շուկայի վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը, վերահսկողության ձեւերն են` ստուգումը, ուսումնասիրությունը. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դեպքում դիտարկումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունումը թույլ կտա կանոնակարգել եւ առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, ինչպես նաեւ արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, նաեւ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:

Արտադրական կանեփի արտադրությանը վերջերս անդրադարձ է եղել նաեւ ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ օրենսդրական դաշտը խոչընդոտներ են ստեղծում շատ տնտեսվարողների համար, ինչի պատճառով ներդրում չեն անում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031