«Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից, եվրոպական տարբեր մայրաքաղաքներում արդեն առանց ակնարկների եւ ուղիղ տեքստով հայտարարել է, որ իր բանակցվող փաստաթղթի մեջ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում»,- ԱԺ նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Դրա մասին առանձնապես երկար խոսելու բան չկա, բաց տեքստով դա հայտարարվել է։ Փաշինյանն իր ասելիքն ու անելիքն արդեն արել է, հիմա հերթը մերն է, հայ ժողովրդինը։ Փաշինյանին մնացել է անելու երկու տարբերակ։ Տարբերակ մեկ՝ ստորագրել այն, ինչի ինքը հիմա բանակցում է, այսինքն՝ ՀՀ մահվան դատավճիռը, տարբերակ երկու՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը։
Բայց այսօր խոսելուս դրդապատճառը Փաշինյանի այն փոքրաթիվ, իսկ ես ձեզ վստահեցնում եմ, որ նրանք փոքրաթիվ են մնացել, աջակիցներին դիմելն է։ Պայմանական իրենց բաժանենք երկու հատվածի։ Առաջին հատվածը Փաշինյանից ուղղակի կախում ունեցող մարդիկ են․ այստեղ նստածները, որոշ պաշտոնյաներ եւ այլն։ Բարդ է մարդուն համոզել մի բան, ինչն ինքը չհասկանալու համար գումար է ստանում։ Եվ երկրորդ փոքր հատվածը դա այն մարդիկ են, որոնք դեռեւս խաբված են, մեր այն եղբայրներն ու քույրերը, որոնք դեռեւս հավատում են Փաշինյանի ասածներին։ Եվ այն փաստը, որ այդպիսիք շատ քիչ են մնացել, յուրաքանչյուրս կարող ենք տեսնել մեր շրջապատում։ Ցանկացած խոսակցություն քաղաքականության մասին հանգում է նրան, որ հավաքվածներից բոլորն ամենատարբեր ձեւով հիշատակում են Փաշինյանին»,- ասաց նա։
Հայկ Մամիջանյանը նշեց, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին անհնար է համարում Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում։ Դա միֆ է, որ Փաշինյանն ունի լեգիտիմություն ու մեծամասնություն։
Կարդացեք նաև
«Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը ձեզ խաբում է, երբ ասում է, որ պատերազմից հետո ինքնորոշման տարբերակ չկար։ Պատերազմից հետո ինքնորոշման մասին խոսել են ՌԴ նախագահը, ԵՄ բարձր հանձնակատարը, Հայաստանում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կանցլերը։ Ինքնորոշումից խոսել են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանը խաբում է նաեւ, երբ ասում է, որ 29․8 հազար քկմ-ն կպահի, որովհետեւ թշնամու ախորժակները սահմանափակելի չեն։ Վստահ եմ, որ ինքը նույնն ասում էր, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս բանավոր հրաման էր տալիս Սյունիքից զորքերի հետքաշման։ Այդ ժամանակ էլ էր ասում՝ կյանքեր եմ փրկում։ Նույնն ինքն ասում էր Սուս-Աղավնո-Բերձորի հանձնման ժամանակ, որն առհասարակ նոյեմբերի 9-ով պայմանավորված չէր։ Հիշեցնեմ, որ հենց այդ հանձնման արդյունքում Ադրբեջանը հնարավորություն ունեցավ ապօրինի բլոկադայի ենթարկել մեր Արցախը։ «Տանք հետո կերեւա» սկզբունքը գուցե կիրառելի է ամենահին մասնագիտության տերերի համար, բայց ոչ հիմնական բանակցողի։
Շատ շատերդ փողոցում հանդիպելիս՝ ասում էիք՝ չի կարողանում, չգիտի ոնց բանակցի, օգնեք, համախմբվեք Փաշինյանի շուրջը։ Ես ձեզ ասեմ, որ ցանկացած քիչ թե շատ հմուտ բանակցող անցյալ տարվա Դիմադրության շարժման ցույցերը, եթե ցանկություն ունենար ի օգուտ երկրի օգտագործելու, կօգտագործեր։ Հիմնական բանակցությունների ժամանակ ինքը կարող էր ասել՝ բոլ է ճնշեք, որովհետեւ տեսեք ինչ է կատարվում մայրաքաղաքումս։ Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը հայրենասերներին անվանում էր ռեւանշիստ։ Ասեմ, որ հայրենասերներին ռեւանշիստ անվանում էին Թուրքիայի ներկայացուցիչները, Ադրբեջանի ներկայացուցիչները եւ Նիկոլ Փաշինյանը։ Դրա փոխարեն ինքը որոշեց գնալ «ես եմ միակ բանակցողը» ճանապարհով»,- ասաց նա։
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Արցախի հայերի համար անվտանգության երաշխիքների մասին հայտարարություններին՝ ասելով․ «Բոլոր այն ՔՊ-ական պատգամավորներին, որոնք արտահայտվում են կողմ միջազգային երաշխիքներով Արցախի կարգավիճակին, առաջին անգամ պատմության մեջ Ադրբեջանի կազմում, պարզ առաջարկ ունեմ, ձեզանից ո՞ր մեկն է համաձայն այդ միջազգային երաշխիքներով գնալ ու վատագույն սցենարի դեպքում այնտեղ ապրել։ Ձեր բանակցած երաշխիքներն են, գնացեք ապրեք»։
Ըստ նրա՝ մի հարց կա բանակցային գործընթացում, որտեղ Փաշինյանը չի խաբում, այո, ինքը հիմա բանակցում է երաշխիքների համար, բայց բնավ ոչ Արցախի։ Ըստ Մամիջանյանի՝ Փաշինյանը բանակցում է իր իշխանության պահպանման ու սեփական անվտանգության երաշխիքների մասին։ «Ոնց որ թե հլա որ առանձնապես արդյունավետ չէ»,- ասաց նա։
Անդրադառնալով ընդդիմությանը՝ Մամիջանյանն ասաց․ «Ես ներողություն եմ խնդրում հանրությունից, որ մեր թիմը վերջին 5 տարիների ընթացքում ամբողջ ուժերի լարումով պայքարելով՝ դեռեւս չի կարողացել հեռացնել Արցախը հանձնողներին։ Երեւի պիտի մեր ուժերից ավելին անենք ու կանենք։ Այլեւս չկան քաղաքական կուսակցություններ, անձնական ամբիցիաներ, անհատ քաղաքական գործիչներ, կան Արցախը հանձնողներ, եւ վատագույն սցենարի դեպքում կլինի մի խումբ մարդիկ, ովքեր չկարողացան դա կանխել։ Ես չեմ պլանավորում լինել ոչ առաջին, ոչ երկրորդ խմբում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ