Մարտի 28-ին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու:
Այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է առաջադրել Արմեն Դանիելյանին, բնավ զարմանալի չէ, քանի որ վերջինս իրականացրել է ՔՊ-ականների ցանկությունը՝ կալանավորելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ առհասարակ Արմեն Դանիելյանը սովորություն ունի անկատար չթողնել ոչ մի ՔՊ-ականի ցանկություն:
Արմեն Դանիելյանն իսկապես հասարակության լայն շրջանակներին հայտնի դարձավ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շրջանակներում, և առավելապես այն դրվագով, երբ խորհրդակցական սենյակ հեռացավ՝ կալանքի վերաբերյալ որոշում կայացնելու՝ առանց պաշտպանական կողմին լսելու: Նման դրվագներն այդ դատավարության ընթացքում բազմաթիվ էին, երբ Արմեն Դանիելյանն ուղղակի թույլ չէր տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խոսեն:
Արմեն Դանիելյանը պատրաստվում է դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր, ա՛յն դատարանի, որը բեկանել էր նրա իսկ կայացրած դատական ակտը՝ արձանագրելով, որ դատավոր Արմեն Դանիելյանը թույլ է տվել էական դատավարական խախտումներ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Կարդացեք նաև
168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը նկատեց՝ կարծում եմ՝ ամենաճիշտ որոշումն է Արմեն Դանիելյանին Վճռաբեկ դատարան տանելը:
«Որովհետև նախ Վերաքննիչ դատարանում իրեն ավելի քիչ կհանդիպենք, և, բացի դրանից, առանձնապես տարբերություն չկա իր և Վճռաբեկ դատարանի որակների միջև»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:
Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։