Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմությունը կրկնվում է…»

Մայիս 25,2023 13:30

Ծնունդով Հադրութից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակրի ամերիկաբնակ դուստրը Երեւանում շարունակում է «երաժշտաքաղաքական» գրքի աշխատանքները

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորը ձեռնամուխ է եղել «Օպերան՝ պետականության գործիք» գրքի ստեղծմանը։

«Առավոտի» զրուցակիցը մասնագիտությամբ օպերային երգիչ, արցախյան առաջին հերոսամարտի մասնակից, հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Էրիկ Աբրահամյանի դուստր, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, երաժշտագետ Քնար Աբրահամյանն է, ով այս օրերին Հայաստանում է «Օպերան՝ պետականության գործիք» գրքի հրատարակման համար հիմնարար տվյալներն ամբողջացնելու նպատակով։

Զրուցելով երիտասարդ երաժշտագետի հետ, կարող ենք միանշանակ հավաստիացնել, որ նրա կյանքի պատմությունը բազմասերիանոց ֆիլմի պատրաստի սցենար է։ Սկսենք ամենասկզբից։

Աբրահամյան ընտանիքը Հադրութում:

Ծնունդով Հադրութից 7-ամյա Քնարը երաժշտագետ մոր ու երկու տարեկան քրոջ հետ 1996թ. տեղափոխվում են Մոլոդովա՝ Քիշնեւ։ Ինչո՞ւ, որովհետեւ արցախյան առաջին պատերազմի ժամանակ 31 տարեկանում զոհվել էր հայրը, իսկ երեխաներին խնամելու համար օգնող էր պետք։ Մոլդովայում էր բնակվում մայրական կողմի տատը, ով իր հերթին 1990-ականների սկզբին տեղահանվել էր Բաքվից։ Քնարը հանրակրթությանը զուգահեռ սովորում է Քիշնեւի Ռախմանինովի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։ Ստացվում է այնպես, որ այն չավարտած՝ ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ մեր զրուցակիցը ուսանում է Քլիվլենդի Lee University-ում, դաշնամուրի դասարանում։ Այդ տարիներին մասնակցելով բազմաթիվ մրցույթների, արժանանում է դափնիների։ Բայց քանի որ նրա մասնագիտական հետաքրքրության շրջանակը երաժշտության պատմությունն էր, Քնարը շարունակում է ուսումը հիշյալ համալսարանի մագիստրատուրայում որպես երաժշտագետ։ 2022թ. պաշտպանում է դոկտորականը Նյու Հեյբընի Yale University-ում՝ «Խորհրդային օպերան Հայաստանում եւ Ղազախստանում» թեմայով, որից հետո աշխատանքի է անցնում Կոլումբիայի համալսարանում։ Միաժամանակ ձեռնամուխ է լինում ապագա գրքի ստեղծման աշխատանքներին։

Հադրութի կրթամշակութային ամառային ճամբարի երեխաները:

Սա Հայաստան նրա առաջին այցը չէ. 2019թ. երաժշտագետը ծննդավայրում՝ Հադրութում, երեխաների համար հիմնում է կրթամշակութային ամառային ճամբար, անձամբ վարելով պարապմունքները։ «Խորհրդային շրջանում, չգիտես ինչու, Մոսկվան որոշեց, որ Երեւանի օպերային թատրոնը պետք է կառուցվի այն տեղում, որտեղ գտնվում էր փոքրիկ մատուռ, կարծես այլ տեղ չկար։ (Երեւանի օպերային թատրոնը բացվել է 1933թ.- Ս. Դ.)։ Հիմա մեկ-երկու օրինակ բերեմ, թե ինչպես են ժամանակին աղավաղել մեր օպերաները։ Արմեն Տիգրանյանի «Դավիթ-Բեկ»-ում ժամանակին Պյոտր Առաջինը ներկայացվում էր հայերի փրկիչ, համարյա Աստված։ Բայց դա այդպես չէ. Ղարաբաղի մելիքները երբ ռազմական օգնություն են խնդրում Պյոտր Առաջինից, նա ձեռք չի մեկնում… Կարճ ասած՝ հայերիս փրկում է մեր զորավար Դավիթ-Բեկը։ Նույնիսկ 1950թ. հիշյալ օպերան ավարտվում էր «Փառք Ստալինին» խմբերգով։ Միայն Ստալինի մահից հետո այդ գովքը հանվեց։ Ցավոք, սա եզակի օրինակ չէ, թե ինչպես են մեր պատմությունը ջնջել։ Գիրքս երկխոսություն է մեր պատմության վերակառուցման, իրականը ներկայացնելու մասին։ Տեսնո՞ւմ եք՝ նույն պատմությունն է այսօր կրկնվում, զարմանալի է, որ մեր օրերում դեռ մարդիկ կան, որ հավատում են Ռուսաստանին»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։ Մի օրինակ էլ բերեց, այս անգամ՝ Էդգար Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» օպերայի մասին, որը գրվել է Պուշկինի ճանապարհորդական նոթերի հիման վրա։ Երաժշտագետի հավաստմամբ՝ 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին Ռուսաստանը փրկեց Էրզրումի հայերին թուրքերի կոտորածից, բայց 1918թ. Լենինը Էրզրումը վերադարձրեց թուրքերին. «Այստեղ մի կարեւոր հանգամանք կա. արցախյան պատերազմի ժամանակ հենց Էրզրում-Կարս հատվածից օդուժում գործում էր թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետ…»։

Մեր զրուցակիցն այս օրերին մամուլից տեղեկացել է, որ Շուշիի նախկին Կերպարվեստի թանգարանի մուտքի մոտ տեղադրված քանդակներն այլեւս չկան, չկան նաեւ թանգարանային նմուշները. «Փաստորեն, Կերպարվեստի թանգարանի հավաքածուն կազմող բոլոր ստեղծագործությունների վայրը մնում է անհայտ։ Պատկերացնո՞ւմ եք՝ թանգարանի բակում գտնվող ժամանակակից արվեստագետների քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է։ Կարճ ասած՝ ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսեւորում, թանգարանում էլ բացվել է Իլհամ Ալիեւի հորը՝ Հեյդարին նվիրված ֆոտոցուցահանդես… Մի բան հաստատ է՝ արցախահայության վճռական կամքն անբեկանելի է։ Իսկ Արցախի խնդիրը ողջ հայությանն է»։

Զրույցի ընթացքում Քնար Աբրահամյանն ասաց, որ Նյու Յորքի հայ համայնքը հիմնականում Քլիվլենդի համալսարանում գործող հայկական կենտրոնում հայաստանյան իրադարձություններին համահունչ բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում. «Ավելին, ճանաչված քաղաքագետ, ժամանակին ԱՄՆ նախագահներ Օբամայի եւ Բուշի աշխատակազմում պաշտոն զբաղեցրած Դեվիդ Ֆիլիպսը սեփական նախաձեռնությամբ ստեղծել է www.humanrightScolumbia.org կայքը, որտեղ հիմնականում 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում մարդու իրավունքների խախտումների վավերագրեր են»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031