Փոքրիկ ընթերցողների համար հրատարակվել է բանաստեղծուհի Նարինե Ավագյանի «Լալան ու խատուտիկը» պատկերազարդ գիրքը` հայերեն եւ ռուսերեն լեզուներով։ Հեղինակը վստահեցնում է, որ մանուկների համար յուրաքանչյուր գործ գրվում է երջանիկ պատահականությամբ:
«Մանկական գրականությունն անկեղծ պիտի լինի ու շիտակ, երեխայի անաղարտ հոգուն ու մտքին հասանելի, կապույտ, ինչպես անամպ երկինքն ու ջերմացնող, ինչպես մեր գլխավերեւում շողացող արեգակը: Պետք է գտնել այն նոր աշխարհը, որտեղ հետաքրքիր կարող է զգալ իրեն նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխան: Նաեւ գրողն ինքը պիտի հայտնվի նոր իրականության մեջ, կտրվի առօրեականությունից, ազատագրի իրեն անձնական հոգսերից, որ երեխայի հոգուն մոտենա: Բայց որքան էլ բարդ լինի ստեղծել նմանօրինակ գործ, նրա ծնունդն անխոս երջանկությամբ է լցնում հեղինակի հոգին, արթնացնում նրա մեջ ապրող երեխային, տանում մանկության անհոգ կածաններով»,- «Առավոտի» հետ զրուցում ասել է Նարինե Ավագյանը։
Գրքում տեղ գտած ստեղծագործությունները հետաքրքիր զրույցներ են կենդանիների, ծաղիկների, բնության երեւույթների հետ: Դրանք եւ ճանաչողական են, եւ ուսուցողական:
Հեղինակն ինքն էլ անչափ սիրում է իր ստեղծած հերոսներին: Ասում է` ստեղծագործելու ընթացքում կարծես նրանք կենդանանում են, երբեմն նույնիսկ կամակորություններ անում:
Կարդացեք նաև
«Թվում է՝ հստակ գիտես, թե ինչպես պիտի զարգանան գործողությունները, բայց մեկ էլ տեսար՝ հերոսն իր կյանքով է ապրում, եւ դու ընդամենը գրի ես առնում մտապատկերում եզրագծվածը»,- հավելում է Նարինե Ավագյանը։
Գրականագետ Անի Փաշայանը նկատում է` Նարինե Ավագյանը ոչ միայն ճանաչել է տալիս բնության ձայները, գաղտնիքներն ու գեղեցկությունները, այլեւ հմտություններ է սովորեցնում փոքրիկներին, օգնում նրանց՝ ճիշտ կողմնորոշվել, հարգել մեծերին, սիրել եւ հոգ տանել կենդանիներին:
«Բանաստեղծուհու մանկական բանաստեղծություններում արժեւորված է նաեւ հայոց բառ ու բանը: Դեռ դպրոց չհաճախող փոքրիկն արդեն իսկ հարստացնում է բառապաշարը, ծանոթանում բառերի գեղագիտությանը: Սակայն ամենակարեւորն այստեղ բարության եւ կամեցողության ներկայությունն է, որը շատ կարեւոր է կյանք մտնող փոքրիկի համար»,- գրում է Անի Փաշայանը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.05.2023