2023թ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի ունեցավ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայ մարզիկները, ջանք ու եռանդ չխնայելով, արեցին անհնարինը լավագույնին արժանանալու համար եւ աննախադեպ թվով մեդալներ նվաճեցին մրցելույթի ժամանակ:
Այս մրցաշարին Հայաստանն արժանապատվորեն ներկայացրեց նաեւ 19-ամյա ծանրորդ Գարիկ Կարապետյանը` սահմանելով երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի ռեկորդ, ով այսպես է բանութագրում իր պատմական նվաճումը:
– Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել Եվրոպայի չեմպիոն:
– Բառերով ասել չեմ կարող: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող բառերով պարզապես նկարագրել, թե դա ինչ զգացողություն է, միայն կարող եմ ասել, որ դա ինձ համար շատ մեծ պատիվ ու հպարտություն է:
Կարդացեք նաև
– Գիտեի՞ք, որ հաղթելու եք:
– Չէի պատկերացնում, որ կարող է հաղթեմ: Ուժերիս վրա, ճիշտ է, վստահ էի, բայց անգամ մրցությունից առաջ, մտքովս չէր անցնում հաղթելու միտքը: Շատ էի ուզում պատվով ներկայանալ ու մարզիչներիս հուսախաբ չանել:
– Ո՞ր տարիքից է ձեզ հետաքրքրել ծանրամարտը եւ ո՞ր տարիքում եք սկսել զբաղվել այս մարզաձեւով:
– Այս մարզաձեւով սկսել եմ հետաքրքրվել 10 տարեկանից, իսկ արդեն 13 տարեկանում լուրջ քայլեր էի անում դեպի այս ոլորտ:
– Ո՞րն է ծանրամարտի հետ կապված ձեր առաջին հիշողությունը:
– 2018 թվականի առաջին մրցությունս էր՝ պատանիների Եվրոպայի առաջնությանն էի մասնակցում, շատ ոգեւորված էի:
– Եղե՞լ են, արդյոք, խոչընդոտներ եւ հիասթափության պահեր:
– Խոչընդոտները եղել են միայն վնասվածքների տեսքով, ինչ-որ տեղ փորձել են խանգարել, բայց շատ արագ փորձել եմ դրանք բուժել ու ոտքի կանգնել, ոչ մի բանից չեմ կոտրվել ու հիասթափվել:
– Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
– Ինձ մոտիվացնողը ես ինքս եմ:
– Ի՞նչ կասեք ապագայի պլանների մասին:
– Ապագայի պլանների մասին կասեմ միայն ու միայն Օլիմպիական խաղեր:
Մերի ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.05.2023