Հատկանշական է, որ իրական ընդդիմության՝ լինի դա խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի դեմքով, նրանց ներկայացուցիչների հայտարարություններում «կարմիր թելի» պես անցնում է այն միտքը, որ այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտ է ազգային համախմբում։ Ընդ որում, բոլոր այս ուժերը համախմբման անհրաժեշտությունը պայմանավորում են Փաշինյանի իշխանությունից ազատվելու, իրադարձությունների ընթացքը փոխելու և իրավիճակը հեղաշրջելու հետ։ Եվ, կարծես, ոչ մեկն այս հարցում տարակույս չունի, բայց խնդիրն այն է, որ հայտարարություններից այն կողմ՝ գործնական հարթության վրա, գոնե այս պահին այդ համախմբումը տեսանելի չէ։ Իսկ դրա համար պետք է քայլ արվի, ու կարևոր չէ՝ ում կողմից։ Ու պետք է, որ այդ քայլը կատարեն ոչ թե այն ուժերը, որոնք չեն կարողանում անգամ 10 հոգի փողոց դուրս բերել, այլ այն քաղաքական միավորներն ու գործիչները, որոնք կշիռ ունեն և իսկապես պատրաստ են համախմբվել՝ մի կողմ դնելով մանր-մունր հարցերի շուրջ տարաձայնությունները, նախկինի արհեստական «ստվերը», թող պաթետիկ չթվա՝ հանուն Հայրենիքի։ Բացի դրանից, նպատակներին հասնելու ճանապարհին գործողությունների ռազմավարության ու մեթոդաբանության փոփոխությունների կարիք է զգացվում։
Պատերազմից հետո ընդդիմության հանրահավաքների ժամանակ հիմնական շեշտադրումն այն էր, որ իրենք իշխանության կռիվ չեն տալիս, առաջնայինը երկրի համար պատուհաս դարձած իշխանություններին հեռացնելն է, որից հետո միայն կորոշեն, թե ինչ քայլեր են անհրաժեշտ։ Մյուս կողմից՝ չէր հայտարարվում այն առաջնորդի անունը, որը ստանձնելու էր պատասխանատվությունը իշխանափոխությունից հետո: Կրկնում ենք՝ այն ժամանակ դա գուցե արդարացված էր: Սակայն նաև պարզ է, որ առանց իշխանությունը վերցնելու ոչ ոք չի կարող փոխել ստեղծված իրադրությունը։ Ու այդ մասին պետք է պարզ, անկեղծ հայտարարել: Այսինքն, պետք է հստակ դրվի այսօրվա իշխող ուժին իշխանազրկելու և իշխանության գալու նպատակադրումը՝ ներկայացնելով, թե այդ դեպքում ինչ խնդիրներ են լուծվելու և ինչ փոփոխություններ են տեղի ունենալու։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։