ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ դատավոր, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Լիզա Գրիգորյանի հայտարարությանը՝ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ։ Լիզա Գրիգորյանը, մասնավորապես ասել էր, որ «Վենետիկի հանձնաժողովն ուղիղ նշել է, որ մինչեւ 1991 թվականը հետ գնալը խնդրահարույց է, որովհետեւ շատ երկար ժամանակ է»։
Վլադիմիր Վարդանյանը հարց ուղղեց դատավորին․ «Մի լավ արտահայտություն կա՝ ցանկացած միլիոնատեր ասում է՝ ինձ մի հարցրեք, թե որտեղի՞ց առաջին մեկ միլիոնը, մնացածի բոլոր փաստաթղթերը ձեզ կներկայացնեմ։ Հիմա եթե ժամկետի հետ կապված ձեզ մոտ այսպես հարց է առաջացել, եթե մենք վերջին երկու-երեք տարին ենք նայում, բոլորն էլ կարողանում են փաստաթղթերով ամեն ինչ հիմնավորել։ Ամբողջ խնդիրը սեփականաշնորհման ժամանակահատվածից ի հայտ եկած այդ բարդությունն է, երբ անձն ստանում էր 34 000 դրամ աշխատավարձ, բայց չգիտես ինչու՝ ամսական 34 000 դոլարից ավելի էր ծախսում եւ այդքան գույք էր ձեռք բերում։ Եվ եթե մենք այդ շղթան քանդենք, ապա ես չգիտեմ, թե ոնց ենք մենք իրականացնելու արդարադատություն։ Դա կլինի պարզապես արդարադատության իմիտացիա»։
Լիզա Գրիգորյանը նշեց, որ համաձայն է, բայց ամեն դեպքում է հաշվի առնել, որ այս ինստիտուտը Հայաստանում նոր է ներդրվում։ «Եվ մենք չպետք է թույլ տանք, որ ինքը գնա սխալ ճանապարհով։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր շահերը, դրա համար եմ ասում՝ մեզ համար պետք է ուղենիշ լինեն միջազգային պրակտիկան են միջազգային կառույցների կարծիքները։ Այո, մենք կարող ենք ձեւավորել մեր պրակտիկան, բայց պետք է լինենք զգուշավոր եւ հաշվի առնենք այս խնդրի բոլոր ասպեկտները»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ