Արցախը ճանաչելով որպես Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինյանը ոտնձգում է ՀՀ Սահմանադրության հիմքում դրված Անկախության հռչակագրի և դրա հետ օրգանական կապ ունեցող այլ համակարգաստեղծ հոդվածների դեմ։ Այսինքն՝ Փաշինյանի ներկայիս գործողությունները, բացի դավաճանական, հակապետական լինելուց (ինչպես գնահատվում է քաղաքական հարթությունում), նաև ու առաջին հերթին՝ հակասահմանադրական են։ Հետևաբար՝ նրա գործունեությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ երկրում սահմանադրական կարգի տապալում, ինչը, ի տարբերություն քաղաքական որակումների ու գնահատականների, ենթակա է քրեաիրավական խստագույն պատժի՝ դրանից բխող ոչ լիրիկական հետևանքներով։
Այսպիսով, եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի այն տրամաբանությամբ, որ իր իշխանության գերագույն աղբյուրը ՀՀ Սահմանադրության՝ իր սիրելի հոդվածն է, պետք է արձանագրել նաև, որ իր քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է այդ նույն Սահմանադրության դեմ։ Հետևաբար՝ նույն այդ տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանի սիրելի «գնդակահարության պատի» ամենահարմար վայրը Բաղրամյան պողոտայում է՝ ի դեմս Սահմանադրական դատարանի հոյակերտ պատերից որևէ մեկի։ Իսկ սահմանադրական գնդակահարությունը տեղի չի ունենում այն պատճառով, որ հայ հասարակությունը չի օգտվում նույն Սահմանադրությունից, որը, բացի իշխանության լեգիտիմության դրույթից, ամրագրում է նաև Սահմանադրության և պետության դեմ գործունեությունը կանխելու նույնքան լեգիտիմ իրավունքներ։ Առայժմ։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։