Լրահոս
Օրվա լրահոսը

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան. Քոչվորն ուզում է հիմնավորել իր ապրելակերպը, դառնալ տեղաբնիկ, իսկ մեզ դարձնել քոչվոր. «Հրապարակ»

Մայիս 25,2023 10:46

Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ

– Սրբազան հայր, իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, խոստովանեց, որ համաձայնել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել։ Ինչպե՞ս է ընդունվել այդ լուրն Արցախում, ի՞նչ տրամադրություններ են տիրում։

– Դուք գիտեք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ամենայն հայոց հայրապետի եւ գերագույն հոգեւոր խորհրդի հետ միասին, հայտարարություն տարածեց, որ իրենց մտահոգությունն են հայտնում։ Մեր այսօրվա իրականությունն այն է, որ տեղի են ունենում լուրջ իրադարձություններ, եւ դրանք շատ հարցերում մեր ապրելակերպի, մեր մտածելակերպի եւ մեր քրիստոնեական արժեհամակարգի հետ ներդաշնակ չեն։ Առավել եւս, որ դա անվտանգային հարց է, Արցախի լինելիության հարցն է։ Ուստի այստեղ լուրջ մարտահրավերներ կան, եւ մենք աղոթում ենք, որ Աստված իմաստնություն տա մեր ղեկավարներին, ովքեր այդ բանակցություններն են իրականացնում, որովհետեւ իմաստնությամբ է, որ կկարողանանք հաղթահարել։ Տարածված խոսակցություն կա, որ հայը խելոք է, հայն իմաստուն է, հայը ճկուն է։ Ահա՝ եկել է պահը, որ հայն իր իմաստնությունը կիրառի ի շահ մեր անվտանգության, ի շահ մեր տարածաշրջանի։ Կարծում եմ՝ լուրջ է, իրապես լուրջ է այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, եւ, անշուշտ, պարտության հետեւանքով է, որ մենք փոքր-ինչ անզոր ենք եւ չենք կարողանում լիարժեք ցույց տալ մեր ունակությունները՝ կլինի մարտական, դիվանագիտական թե դաշնակից գտնելու հնարավորություն, բայց մենք միշտ պիտի հիշենք, որ մեր անդավաճան դաշնակիցն Աստվածն է, եւ աղոթենք, որպեսզի կարողանան մեր առաջնորդներն իմաստնությամբ առաջնորդվեն անվտանգային բոլոր տեսակի հարցերում։ Իսկ ժողովուրդն Արցախում, անշուշտ, գիտեք, մտահոգ է, որ պատերազմից հետո հավատաց այն որոշումներին, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախումբը պիտի իր առաքելության մեջ հաստատ լինի եւ խաղաղություն ապահովի տարածաշրջանում։ Դրա համար մարդիկ վերադարձան Արցախ՝ կանայք, երեխաներ։ Վերադարձան, որպեսզի այդ տված քվեն, որ խաղաղություն պիտի ապահովի խաղաղապահ զորախումբը, այն պայմանագիրը, որ կնքվեց եռակողմ․․․ գիտեք՝ այն, ինչ թղթի վրա արձանագրվում է, միշտ չէ, որ պահպանվում է, միշտ չէ, որ դառնում է իրականություն, միս եւ արյուն, այսօր այդ մտահոգությունն իրապես կա Արցախում։ Բայց մենք գիտենք, եւ պատմությունն ու մեր մտածելակերպն են վկայում, որ ամեն ինչ վերջացած չէ, եւ հույս ունեմ ապագայի նկատմամբ, որ մենք պիտի Արցախը պահենք հայկական, քրիստոնեական եւ ապագայում՝ ինքնորոշված ու ազատագրված։ Սրանք ոչ թե զուտ էմոցիայից բխած խոսքեր են, այլ ես ապրում եմ այդ ամենով։

– Փաշինյանն ասում է, որ Արցախը պատրաստվում է հանձնել, բայց արցախցիների անվտանգության երաշխիքներ է փորձում ստանալ։ Դուք հավատո՞ւմ եք, որ արցախցիներն Ադրբեջանի կազմում անվտանգ կլինեն։

– Ես չեմ կարծում, որ դա հնարավոր է, դա անհնար է։ Ես, ծնված լինելով Արցախում, դեռ խորհրդային տարիներին տեսել եմ, թե նրանք ինչ մտածելակերպ ունեն, ինչ ծրագիր են իրականացնում։ Ես միշտ ասել եմ, նորից կրկնում եմ, որ քոչվորն ուզում է հիմնավորել իր ապրելակերպը, դառնալ տեղաբնիկ, իսկ մեզ դարձնել քոչվոր։ Սա է իրենց նպատակը՝ Արցախը հայաթափելը։ Ոչ մեկի, ամենաքաղաքակիրթ եվրոպացու մտքով թող անգամ չանցնի, որ հնարավոր է ինտեգրվել եւ Ադրբեջանի կազմում ապրել խաղաղ եւ անվտանգ։ Դա բացառվում է, ոչ մի արցախցի չի կարող դա պատկերացնել, առավել եւս՝ այն սերունդը, որը 30 եւ ավելի տարիներ Ադրբեջան չի տեսել եւ անգամ նրանց հետ չի շփվել։ Ես միանշանակ ասում եմ, որ դա անհնար է։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031