Խորհրդարանական ընդդիմությունը երեկվա միջադեպից հետո այսօր վերադարձել է ԱԺ նիստերի դահլիճ։ Հիշեցնենք, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ չէին մասնակցել նաեւ կառավարության հետ հարցուպատասխանին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը․ «Ժամանակ առաջ մեկն ասել էր, որ եթե առաջ պառլամենտում ընդդիմությունը եւ իշխանությունը վիճում էին, կռվում էին, հիմա արդեն լսում ենք իրար։ Ցավոք, ճիշտ դուրս չեկավ։ Եվ պատճառը ՔՊ-ական պատգամավորներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում, թե ինչ է ասում, սադրանքն ու հրահրանքն էր։ Երկրորդը, անվտանգության աշխատակիցների անօրինական ու անթույլատրելի վարքագիծը պատգամավորների հանդեպ։ Հարգելի պատգամավորներ, նկատի ունեցեք, որ մենք այստեղ ենք մեր նպատակներով, դուք ձեր նպատակներով, բայց նման վարքագիծը երբեք չի հանդուրժվելու»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Պարոն Վարդանյան, չի կարող որեւէ վարքագիծ, որը խաթարում է ԱԺ աշխատանքները, հանդուրժվել։ ԱԺ նախագահը երեկ նախազգուշացում է հայտարարել եւ պարոն Աղազարյանին, եւ պարոն Սարգսյանին։ Ինչ վերաբերում է անվտանգության աշխատակիցների ձեր խմբակցության շփումներին, ես իմ աչքերով եմ տեսել երեկ, թե ինչպես էին անվտանգության աշխատակիցներին հրահրում եւ վիրավորում»։
Միջամտեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը դիմեց Աղվան Վարդանյանին․ «Հարգարժան պարոն Վարդանյան, էդ անձնավորությունը ես եմ եւ ես կանդրադառնամ ձեզ որոշ դրվագներով, խնդրում եմ ուշադիր լինեք իմ ելույթներին»։
Կարդացեք նաև
Աղվան Վարդանյանն ԱԺ փոխնախագահի կողմից նախազգուշացում ստացավ։ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Նախազգուշացում է ստանում տեղից խոսելու եւ պարոն Աղազարյանին վիրավորական կերպով դիմելու համար, ի՞նչ է նշանակում՝ մյուս անգամ ինձ չդիմես։ Այսինքն՝ ինքը կարող է դիմել, պարոն Աղազարյանը չի կարո՞ղ դիմել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ