Արմեն Աշոտյանն ու Էդմոն Մարուքյանը հրավիրված են Ավստրիա՝ Արցախի հարցով փակ քննարկման
Ավստրիական ուղեղային կենտրոններից մեկն արդեն մեկուկես տարի է, ինչ կազմակերպում է Արցախյան հարցի մասին փակ քննարկումներ, որին հրավիրվում են հայ եւ ադրբեջանցի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ։ Նախաձեռնությունը համատեղ Ավստրիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների կողմից է, սակայն հանդիպումներին մասնակցում են նաեւ Եվրոպական միության եւ ԵԱՀԿ ներկայացուցիչներ։ Հերթական հանդիպումը նախատեսվում է հունիս ամսին, որին Հայաստանից հրավիրվել են հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ադրբեջանը սույն հանդիպմանը, բնականաբար, ներկայանալու է պրոիշխանական դեմքերով։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով կիրառված երկրից բացակայելու արգելքով պայմանավորված, նրան երկու անգամ` 2022-ի նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին արգելվել է մեկնել երկրից եւ մասնակցել Եվրոպական ժողովրդավարական կուսակցության նիստերին, ինչի առիթով անգամ ԵԺԿ նախագահն էր մտահոգություններ հայտնել։ Տարբեր այլ առիթներով, նույնպես հարուցված քրեական գործերով երկրից դուրս գալու արգելքով պայմանավորված, այս ընթացքում տարբեր ընդդիմադիրների, գործող իշխանությունը հնարավորություն չտվեց տարբեր միջազգային ատյաններում այլընտրանքային տեսակետները ներկայացնել։ Ինչպե՞ս կվարվի իշխանությունն այս անգամ, կստեղծի՞ Էդմոն Մարուքյանի համար «ջերմոցային» պայմաններ` Արցախի հարցում սեփական տեսակետը ներկայացնելու, թե՞ կհարգի իր հռչակած ժողովրդավարական սկզբունքները` կերեւա առաջիկայում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
25.05.2023